Սաակաշվիլին կրկին անոնսել է Վրաստան վերադարձը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հայտարարել է  երկիր վերադառնալու իր մտադրության մասին: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա «մինչեւ հանրաքվեն»:

Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք վրացական ընդդիմությունը համարում է իշխող կուսակցության վստահության հանրաքվե:

Սաակաշվիլին իր տեսաուղերձում մեկնաբանել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և «Վրացական երազանքի» որոշումը ՝ միակողմանիորեն դուրս գալ այսպես կոչված`  Շարլ Միշելի համաձայնագրից (փաստաթուղթ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, որը ստորագրվել է իշխանությունների և ընդդիմության մեծ մասի կողմից Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ): Ըստ նրա` Իվանիշվիլին ամբողջ աշխարհի առջև նախապես ընդունեց պարտությունը` հոկտեմբերյան հանրաքվեում և այն ինչ նա արեց երեկ, աննախադեպ է Վրաստանի նորագույն պատմության մեջ:

Սաակաշվիլիի խոսքերով, «Վրացական երազանքը» խախտել է իր պարտավորությունները՝   ոչ թե Եվրամիության կամ որևէ քաղաքական կուսակցության, այլ վրաց ժողովրդի առջև: Նախկին նախագահը հիշեցնում է, որ համաձայն պայմանավորվածության` առաջիկա ընտրությունները պետք է որոշեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճակատագիրը. դա պետք է տեղի ունենար, եթե իշխող կուսակցությունը հավաքեր ձայների 43% -ից պակաս: Քաղաքական գործիչը համոզված է`  երբ Իվանիշվիլին «տեսավ, որ  սարսափելի պարտվում է,  ամբողջությամբ չեղյալ հայտարարեց այդ պարտավորությունը»:

Սաակաշվիլին նաև պնդում է, որ իշխանությունները մտադիր են փակել ընդդիմադիր լրատվամիջոցները և սահմանափակումներ մտցնել ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով:

Նախկին նախագահը վստահ է`  ընտրությունները կանկացվեն, ինքն էլ  կվերադառնա, իսկ Իվանիշվիլիի իշխանությունն ավարտված է: