Թբիլիսին կարող է հարթակ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Լաշա Տուղուշի

Վրաստանում շարունակում են ակտիվորեն քննարկել հայ-ադրբեջանական հակամարտությունն ու դրա զարգացումները, հատկապես մեկ շաբաթ առաջ Մառնեուլիի շրջանում  տեղացիների՝ էթնիկ հողի վրա բախման դեպքից հետո:

Քվեմո Քարթլիի դեպքը  աննախադեպ ռիսկային իրավիճակ ստեղծեց, ինչի հետ կապված արձագանք չեղավ ո՛չ Վրաստանի իշխանության, ո՛չ էլ հակամարտության կողմերի դիվանագիտական ներկայցուցիչների կողմից: Քվեմո Քարթլիի շրջանը հիմնականում ադրբեջանաբնակ է, սակայն այս տարածաշրջանում է տեղակայված ինչպես 11 հայաբնակ գյուղ, այնպես էլ  խառը գյուղեր, որ հայտնի են համակեցության օրինակելիությամբ:

Վերջին շաբաթների ընթացքում թեման ակտիվորեն լուսաբանվում էր նաև վրացական մամուլի կողմից, որոշ դեպքերում՝ անկողմնակալ, որոշ դեպքերում՝ հատուկ շեշտադրումներով ու հակահայկական հայտարարություններով:

Վրաստանում գործող փորձագետ Լաշա Տուղուշիի հետ ամփոփել ենք վրաստանյան արձագանքը: Վերջինս Ալիք Մեդիայի հետ զրույցում նշում է, որ Թբիլիսին,երկու պետությունների ընկերը լինելով, կոնֆլիկտի լուծման տեսանկյունից կարող է  որոշակի հարթակ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների համար: «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, Վրաստանը կարող է դրական դեր կատարել, չնայած այս թեմայի մասին հիմա մի փոքր բարդ է խոսելը, հույս ունենք, որ էսկալացիան կվերափոխվի դեէսկալացիայով»,- ասում է Տուղուշին:

Ինչ վերաբերում է Քվեմո Քարթլիի հնարավոր զարգացումների մեջ մեծ պետությունների՝ հիմնականում Ռուսաստանի շահերին, Տուղուշին նշում է.

«Վրաստանը բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, մենք հիմնարար կասկած ունենք կապված նրա հետ, որ նրանց գործողությոնները տվյալ իրավիճակում բարեկամական են լինի: Նրանք կկիրառեն որոշակի լծակներ, որ Վրաստանի ներսում անկայուն իրավիճակ լինի: Չգիտենք՝ որքանով  կստացվի նրանց մոտ, սակայն մենք պիտի լրջորեն մտածենք այս հարցի շուրջ»:

Ի՞նչ պետք է անի Վրաստանի իշխանությունը երկրում նման բախումները կասեցնելու նմապակով՝

«Այս պահին բարեբախտաբար էթնիկ հողի վրա բախումների հիմք չեմ տեսնում։ Բայց կարծում եմ, որ Վրաստանը կտրուկ կերպով պետք է կասեցնի նման փորձերը, որովհետև մենք որևէ ձևի ներքին բախումներ թույլ չպիտի տանք: Պետք է հստակ քայլեր ձեռնարկել: Դա կարող է լինել և՛ ֆիզիկապես, և՛ օրենսդրական տեսանկյունից: Ամեն դեպքում կարծում եմ՝ Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հասկանում են իրավիճակի նրբությունը․ նրանք բացահայտորեն արտահայտում են իրենց դրական վերաբերմունքը Վրաստանի պետականության հանդեպ»,- ասում է Տուղուշին:

Տուղուշին նաև անդրադարձել է ադրբեջանական իշխանամետ պարբերականի հայտարարություններին առ այն, որ Վրաստանի տարածքով Սերբիան Հայաստանի համար ռումբեր է ուղարկել: Տուղուշին ասում է՝ «Նման որոշումը կհակասեր Վրաստանի քաղաքականությանը»: Խոսելով վրացական լրատվամիջոցների լուսաբանման մասին՝ Տուղուշին նշում է, որ  Վրաստանը հիմնականում չեզոք դիրքերից է հանդես գալիս՝ եզակի դեպքերը չհաշված:

Հակահայկական շեշտադրումներով հաղորդում Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում