Օրենսդիր մարմնում գրանցվել է Կրթության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է համապատասխան պահանջների սահմանում ուսուցչի/հատուկ ուսուցչի կրթության համար։
Նախագծի բացատրագրում գրված է, որ համակարգում առկա դեֆիցիտի կառավարման և որակյալ կրթության հասանելիության ապահովման նպատակով անհրաժեշտ է մեծացնել որպես ուսուցիչ/հատուկ ուսուցիչ աշխատանքի անցնելու հնարավորությունները։
Մասնավորապես, նախարարության մշակած փոփոխությունների համաձայն՝ տեխնոլոգիաների առարկայական խմբի ուղղությամբ դպրոցում աշխատելու հնարավորություն կտրվի նաև այն անձանց, որոնք տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում ունեն միայն մասնագիտական (պրոֆեսիոնալ) կրթություն։ Այնուամենայնիվ, միայն մասնագիտական կրթություն ունեցող անձանց համար պարտադիր կլինի նաև ուսուցչի հավակնորդների ծրագրի կամ ուսուցիչների պատրաստման համապատասխան կրթական ծրագրի անցումը։
Հատկանշական է, որ գործող օրենքի համաձայն՝ տեխնոլոգիաներ դասավանդելու իրավունք ունեն միայն առնվազն բակալավրի ակադեմիական աստիճան ունեցող անձինք։
«Հանրակրթական հաստատություններում տեխնոլոգիաների առարկայական խմբի ուսուցիչների դեֆիցիտն առավել սուր է զգացվում, ինչը, ի թիվս այլ հնարավոր պատճառների, պայմանավորված է գործող օրենսդրության պահանջով, որի համաձայն՝ տեխնոլոգիաների դասավանդման իրավունք ունեն միայն առնվազն բակալավրի ակադեմիական աստիճան ունեցող անձինք։
Միաժամանակ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ կան մեծ հմտություն ունեցող այլ երիտասարդներ ևս, որոնք կարող են այս բնագավառում չունենալ բարձրագույն կրթության ակադեմիական աստիճան։
Հետևաբար, օրենքում առկա ձևակերպմանն ավելանում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագիտական կրթության թույլտվությունը, ինչը կմեծացնի տեխնոլոգիաների ուղղությամբ որպես հավակնորդ աշխատանքի անցնելու հնարավորությունը։ Այս փոփոխությունը կնպաստի տեխնոլոգիաների առարկայական խմբի ուսուցիչների ներկայիս դեֆիցիտի վերացմանը։
Այդուհանդերձ, դպրոցում աշխատանքի անցնելու նպատակով նրանք պետք է անցնեն ուսուցչի պատրաստման կրթական ծրագիրը և հանձնեն այն առարկայի քննությունը, որը դասավանդում են հանրակրթական հաստատությունում։ Նշված փոփոխությունը կնպաստի դպրոցում տեխնոլոգիաների առարկայական խմբի ուղղությունը որակյալ ուսուցիչներով համալրմանը»,- կարդում ենք փաստաթղթում։
«Հանրակրթության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների համաձայն՝ սահմանվում է նաև հատուկ ուսուցչի լրացուցիչ կատեգորիա՝ փոխարինող հատուկ ուսուցիչ։
Ըստ նախագծի բացատրագրի` դա դպրոցին հնարավորություն կտա մրցույթի հայտարարմանը զուգահեռ, մինչև կադրի վերջնական ընտրությունը, այս կատեգորիայի մանկավարժի հետ կնքել ժամանակավոր պայմանագիր։
«2026 թվականի հունվարի 1-ից այն պրակտիկ հատուկ ուսուցիչները, որոնք օրենսդրությամբ նախատեսված համապատասխան քննությունը հանձնելով չեն հաստատել իրենց հմտությունը, ստիպված են եղել լքել կրթական համակարգը, ինչն առաջացրել է հատուկ ուսուցիչների դեֆիցիտ։
Նշվածն առավել սուր է անդրադառնում Վրաստանի բարձրլեռնային և հեռավոր գյուղերում գտնվող հանրային դպրոցների վրա, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ, և որտեղ համապատասխան որակավորում ունեցող կադրեր գտնելը հաճախ անհնար է։ Այս հանգամանքը զգալի արգելապատ կստեղծի և ապագայում էլ ավելի կխոչընդոտի աշակերտների արդյունավետ ներգրավումն ուսումնական գործընթացում։
Միաժամանակ, այս փոփոխություններով հնարավոր կլինի փոխարինել նաև դպրոցից ժամանակավորապես բացակայող հատուկ ուսուցչին (արձակուրդ, դեկրետային արձակուրդ և այլն), որպեսզի ժամերը բաց չթողնվեն և առավելագույնս պաշտպանվեն աշակերտների լավագույն շահերը։
Առաջարկվող փոփոխություններով՝ հատուկ ուսուցիչ դառնալու իրավունք կտրվի նաև այն անձին, որն օրենսդրությամբ թույլատրելի տարբեր ճանապարհներով ձեռք է բերել առարկայի ուսուցչի իրավունք, նաև հանձնել է հատուկ ուսուցչի քննությունը»,- ասված է փաստաթղթում։