Վրաստանը բանակցում է ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ

Վրաստանը բանակցում է  մի շարք երկրների հետ` ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ:

Բանակցություններ են տարվում Բալթյան երկրների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և այլ պետությունների հետ, որոնց հետ հնարավոր է դադարեցված չվերթների արագ վերականգնումը: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վերականգնվել է նաև Վրաստանի քաղաքացիների` փուլ-առ փուլ վերադարձի ծրագիրը:

«Անկախ նրանից` որ երկրների հետ ու ինչ ժամկետներում կվերականգնվեն կանոնավոր չվերթները, կառավարությունն արդեն որոշել է, որ երկուշաբթի օրվանից սկսվում է Վրաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձնելու ծրագիրը: Տոմսերի գներն այնքան բարձր չեն լինի, որքան նշվում է այսօր. Չեն գերազանցի 200 եվրոն», — ասել է Գախարիան:

Կառավարության հետ համագործակցությամբ չարտերային չվերթներ կիրականացնեն ոչ միայն Georgian Airways-ը, այլև այլ ավիափոխադրողներ:

Հիշեցնենք` Վրաստանը օտարերկրյա հյուրերի համար օդային սահմանը փակեց մարտի 18-ին, իսկ մարտի 21-ից դադարեցրեց ավիահաղորդակցությունը` բոլոր ուղղություններով:

Վրաստանի իշխանության որոշմամբ` կանոնավոր միջազգային ավիափոխադրումների վերականգնումը հետաձգվեց մինչև 2020-ի օգոստոսի 1: