Վրաստանի ԵՄ անդամակցությունն այլընտրանք չունի․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շվեյցարիայում՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է, որ Եվրոպան վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, և Վրաստանի ԵՄ անդամակցությունն այլընտրանք չունի։

Պանելային քննարկումը վարող, The New York Times-ի Բրյուսելի բյուրոյի ղեկավար Մատինա Սթեվիս-Գրիդնեֆը Ղարիբաշվիլիին հարցրել է, թե որքան գրավիչ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ եվրոպական քաղաքական միություն ստեղծելու նախաձեռնությունը Վրաստանի համար։ Ի պատասխան Ղարիբաշվիլին ասել է, որ նման բոլոր քայլերը, որ Վրաստանին կմոտեցնեն Եվրամիությանը, ընդունելի են, սակայն երկրի վերջնական նպատակը կառույցին լիիրավ անդամակցությունն է, որն այլընտրանք չունի։

«Վրաստանը շատ վստահելի և հավատարիմ գործընկեր է Եվրամիության համար։ Սա մեր ժողովրդի ընտրությունն է, և ոչ թե միայն իշխանության։ Ես կասեի, որ սա վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է։ Մենք հավատարիմ գործընկերություն ենք ցուցաբերել ԵՄ-ին, քանի որ կիսում ենք ընդհանուր արժեքներ և սկզբունքներ։

2014 թվականին մենք ստորագրել ենք Ասոցացման համաձայնագիրը։ Սա լիիրավ անդամակցության հիմնական փաստաթուղթն ու ուղեցույցն է: Այդ ժամանակվանից մենք ստորագրել ենք ազատ առևտրի համաձայնագիր և ունեցել ենք շոշափելի արդյունքներ՝ առանց վիզայի ռեժիմի հարցում, ինչը կարևոր է նաև Վրաստանի բնակչության համար», — ասել է Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլիի հետ պանելային հանդիպմանը մասնակցել են Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աջակցում է նոր տեսակի «եվրոպական քաղաքական համայնքի» ստեղծմանը, որը թույլ կտա ԵՄ-ից դուրս գտնվող երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային և Բրիտանիային, միանալ հիմնական եվրոպական արժեքներին:

Կարդացեք նաև՝

Ղարիբաշվիլին մեկնել է Շվեյցարիա