Զբոսաշրջության հատվածին հասցված վնասը կազմում է 60 մլն դոլար

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, հուլիսի տվյալների համաձայն երկրի զբոսաշրջության հատվածը 60 մլն դոլարի վնաս է կրել: Նրա խոսքով այսօր ոլորտին անպայման պետք է աջակցել:

«Հուլիսի տվյալներով զբոսաշրջությանը հասցված վնասը կազմում է 60 մլն դոլար, սակայն հունիսին Աջարիայում դրական միտում է նկատվել․ այստեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջային հոսքերը աճել են 40 տոկոսով: Այսօր անպայման պետք է օգնություն ցուցաբերել տուրիզմի հատվածում գտնվող փոքր և միջին բիզնեսին»,- հայտարարել է Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, կառավարությունը նախագիծ է մշակում, որը հնարավորություն կտա տուրիզմի ոլորտում աշխատող փոքր և միջին գործարարությանը լուծել կարճ ժամանակահատվածում առաջացած խնդիրները:

«Համոզված եմ՝ կվերադարձնենք այն դրական դինամիկան, որը ունեինք»,- հայտարարել է Բախտաձեն:

Տուրիզմի ազգային գործակալության տվյալներով 2019 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Վրաստան է այցելել 4 961 918 միջազգային ճանապարհորդ, դա նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7,8 տոկոսով: Տուրիստական այցերի քանակը կազմում է 2 697 624, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 8 տոկոսով: