2025 թվականի ՃՏՊ-ների վիճակագրություն

Վերջին 10 տարվա ընթացքում՝ 2015-ից 2025 թվականներին, Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից (ՃՏՊ) մահացել է 5324 մարդ։
Միայն 2025 թվականին Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է 469 մարդ, որոնցից 28-ը՝ երեխա, իսկ 164-ը՝ հետիոտն։ Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ճանապարհատրանսպորտային պատահարներից վիրավորվել է 8191 մարդ, որոնցից 1151-ը՝ երեխա։

2025 թվականի ՃՏՊ-ների և վնասվածքների նման բարձր վիճակագրություն չէր եղել 2018 թվականից ի վեր։

Պատահարների 43%-ը տեղի է ունեցել Թբիլիսիում, զոհերի թիվն ամենաշատն Իմերեթիում է։
Իմերեթիից հետո ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության ամենաբարձր ցուցանիշը Թբիլիսիում և Կախեթիում է։

ՆԳՆ պաշտոնական տարեկան վիճակագրության համաձայն՝ վթարների զոհերի թիվը 2022 թվականից ի վեր կտրուկ աճել է։ Վթարների զոհերի թվում են նաև հետիոտները. 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի 34%-ը հետիոտն էր։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 1931 ճանապարհատրանսպորտային պատահար կամ ընդհանուրի մեկ երրորդը տեղի է ունեցել հետիոտնին մեքենայի հարվածի պատճառով։ Այս դեպքերից, ըստ պաշտոնական տվյալների, 989 պատահար տեղի է ունեցել հետիոտնի անպատշաճ անցում կատարելու պատճառով, որի հետևանքով 38 մարդ մահացել է։ Հետիոտնի անցումը անպատշաճ կերպով կատարելը 2025 թվականի վթարների պատճառների շարքում երրորդ տեղում է։

Վթարների մեկ այլ տարածված պատճառ է ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցյալ տարի ալկոհոլի ազդեցության տակ վարորդի մասնակցությամբ վթարների հետևանքով մահացել է 62 մարդ։

2025 թվականի վերջին խորհրդարանը պատրաստել է օրենսդրական նախաձեռնություն, որը համաներում կտրամադրի մոտ 23 հազար վարորդի, որոնք վարորդական իրավունքից զրկվել էին տարբեր պատճառներով, այդ թվում՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար:

Եվրոպական Միությունում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության միջին մակարդակը մեկ միլիոն բնակչի հաշվով 44 է, իսկ Վրաստանում` 129 կամ եռակի բարձր: