23 միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել

Քսաներեք միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են լրատվամիջոցների իրավունքների և պայմանների խնդիրներով, համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում լրատվամիջոցների իրավիճակի վերաբերյալ: Ստորագրողները կոչ են արել «իշխող կուսակցությանը` դադարեցնել լրատվամիջոցների վրա հարձակումները, չեղարկել բռնաճնշող օրենքները և անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին: Նրանք նաև կոչ են արել միջազգային հանրությանը և Եվրամիությանը ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա՝ «դադարեցնելու համար այդ բռնաճնշումները»:

«Առանց ուժեղ արձագանքի Վրաստանը կարող է կորցնել իր վերջին անկախ լրատվական աղբյուրները առաջիկա ամիսներին՝ լուրջ հարված հասցնելով տարածաշրջանում ժողովրդավարությանը», — ասված է համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև անդրադարձ կա «Վրացական երազանք»-ի ընդունած մի քանի օրենսդրական ակտերի, այդ թվում՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքին (FARA-ի անալոգը), նաև «Դրամաշնորհների մասին» և «Հեռարձակման մասին» օրենքների փոփոխություններին»: