Վրաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել սկզբունքային տեղաշարժ։ Ինը ընդդիմադիր կուսակցություններ որոշել են մեկտեղել ուժերը։ Համատեղ որոշման մասին կուսակցությունները հայտարարել են մարտի 2-ին տեղի ունեցած հանդիպումից հետո։
Ընդդիմադիր դաշինքում միավորվել է 9 քաղաքական կուսակցություն` «Ազգային շարժում», «Ախալի», «Դրոա», «Գիրչի — ավելի շատ ազատություն», «Ազատության հրապարակ», «Ռազմավարություն աղմաշենեբելի», «Ֆեդերալիստներ», «Ազգային-ժողովրդավարական կուսակցություն» և «Եվրոպական Վրաստան»։
Կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ նշված է, որ իրենք համաձայնության են եկել հաղթանակի ընդհանուր ռազմավարության և համագործակցության կանոնների շուրջ։ Ըստ հայտարարության՝ ընդդիմադիր դաշինքը նպատակ ունի «Վրաստանն ազատագրելու Բիձինա Իվանիշվիլիի ավտոկրատ ռեժիմից, վերականգնելու եվրատլանտյան կուրսը և այդ ճանապարհով փրկելու Վրաստանի ազգային անկախությունն ու պետականությունը»։
«Ընդդիմության դաշինքը համաձայնության է եկել, որ այսօր ընթանում է գոյաբանական պայքար Վրաստանի պատմական, քաղաքակրթական ընտրության շուրջ, որով կորոշվի, թե «երկաթե վարագույրի» որ կողմում կհայտնվի վրաց ժողովուրդը հաջորդ տասնամյակների ընթացքում»։
Համաձայնագրի հիմնական սկզբունքներն են.
• Միասնություն առանց միօրինակության. կուսակցությունները պահպանում են գաղափարական ինքնությունը, սակայն համաձայնում են միասնական հաղորդակցության և բողոքի ռազմավարության շուրջ։
• Ժողովրդավարական այլընտրանք. դաշինքը համաձայնում է, որ ավտոկրատ ռեժիմին կհաղթի միայն քաղաքացիների շահերին ուղղված ժողովրդավարական այլընտրանքը։
• Նպատակին հասնելու ուղի. բողոքի ընդլայնում, միջազգային ճնշման ուժեղացում և վրաց ժողովրդին վստահելի այլընտրանքի առաջարկում։
Փաստաթղթի կարևորագույն մասը վարքագծի կանոնագիրքն է, որը կարգավորում է կուսակցությունների միջև հարաբերությունները՝ բացառելով ներքին պառակտումները։
«Ընդդիմադիր դաշինքը պայքարելու է մինչև վերջ՝ մինչև քաղբանտարկյալների ազատ արձակումը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը»,- ասված է հայտարարության մեջ։
Ովքեր չեն միանում
«Ուժեղ Վրաստան — Լելո» կուսակցությունը մոտակա ժամանակներս չի դիտարկում միանալ ընդդիմադիր միավորմանը։ Կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Սիորիձեն հայտարարել է, որ որոշումը բխում է «պրագմատիկ հանգամանքներից» և կապված է այն փաստի հետ, որ իշխանության ընդդիմադիր ընտրազանգվածը բաղկացած է տարբեր սեգմենտներից, ինչը, նրա գնահատմամբ, պահանջում է տարբերվող քաղաքական ռազմավարություն։
«Մենք կարծում ենք, որ մեր կուսակցությունը՝ «Ուժեղ Վրաստան — Լելո»-ն, այլ սեգմենտի վրա ավելի արդյունավետ կաշխատի, քան այլ կուսակցությունների հետ կողք կողքի կանգնելով այն ձևաչափով, որը մեզ առաջարկել են մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնք ավելի հոմոգեն (միատարր) են, ավելի օրգանական, և նրանց թիրախային սեգմենտն էլ ավելի միատարր է»,- ասել է Գիորգի Սիորիձեն։
Նույն դիրքորոշումն ունի նաև Գիորգի Գախարիայի կուսակցությունը։ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Շարաշիձեն քննադատաբար է գնահատում ընդդիմադիր դաշինքի ձևաչափը։ Նրա խոսքով՝ այդ կուսակցություններին միավորել է բոյկոտի գաղափարը և հոկտեմբերի 4-ի «խաղաղ տապալման» նախաձեռնությունը, ինչը, ըստ Շարաշիձեի, ի վերջո միայն ուժեղացրել է «Վրացական երազանք»-ին։
«Այս կուսակցությունները՝ ուղղակի կամ անուղղակի, դիտավորյալ թե սխալմամբ, ի վերջո կատարեցին «Երազանք»-ի գործը։ Հետևաբար, մի կողմ թողնելով նրանց «նացական» (Ազգային շարժման) անցյալը, ռադիկալ անցյալը, մենք այդ կուսակցությունների հետ որևէ գործ չունենք։ Մենք ունենք մեր անկախ ուղին, ռազմավարությունը, որն ուղղված է ավտորիտար ռեժիմի թուլացմանը»,- ասել է Շարաշիձեն։
Քաղաքագիտական շրջանակներում 9 կուսակցությունների միավորումը դիտարկվում է որպես տակտիկական քայլ՝ ուղղված ընդդիմադիր ձայների կոնսոլիդացիային, սակայն ուղեկցվում է մի շարք մարտահրավերներով։
Հասարակության մի մասի կարծիքով՝ ինը ուժերի համախմբումը մեծացնում է մոբիլիզացիոն ներուժը, բայց միաժամանակ հեշտացնում է իշխող թիմի քարոզչությունը. իշխանությունը փորձում է ողջ դաշինքը նույնացնել նախկին կառավարող ուժի հետ՝ դրանով իսկ փորձելով վանել չկողմնորոշված ընտրողներին։
Որոշ վերլուծաբանների կարծիքով` ընդդիմության ներսում առկա է մոտեցումների տարբերություն. մի մասը հակված է փողոցային ակտիվ պայքարին և միջազգային ճնշմանը, իսկ մյուսները (չմիացած ուժերը) նախապատվությունը տալիս են ինստիտուցիոնալ և աստիճանական պայքարին՝ խուսափելով կտրուկ բևեռացումից։
Քաղաքական նախաձեռնություն «Նախ և առաջ Վրաստան»-ի անդամ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձավ վերոնշյալ թեմային. նա շեշտեց ընդդիմադիր դաշինքի կարևոր դերը, նաև որպես վիրահայ գործիչ, կարևորեց Հայաստան-Վրաստան միասնական կապը.
«Համարում եմ, որ այս ընդդիմության դաշինքը ունի իր կարևոր դերը. մեր քաղաքական նախաձեռնությունը, որը ես ներկայացնում եմ՝ «Նախ և առաջ Վրաստանը», և որի անդամ եմ, այդ դաշինքում չի գտնվում, և մենք համարում ենք, որ այդ գործընթացը կարևոր է, բայց նաև կարևոր է ընդդիմության ուրիշ հատվածում զարգացումը։
«Նախ և առաջ Վրաստան»-ը շարունակում է իր հնարավորություններն ընդլայնել քաղաքական ընդդիմադիր դաշտում։ Այս գործընթացներն ընդհանուր առմամբ ամբողջ քաղաքական ընդդիմության՝ արևմտամետ ուժերի առումով շատ կարևոր են եվրատլանտյան ինտեգրումը վերականգնելու համար, որը վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշեց` ասելով, որ Վրաստանի ԵՄ ինտեգրումը շատ մեծ նշանակություն ունի նաև Հայաստանի համար։ Ես անձամբ համարում եմ, որպես վիրահայ գործիչ, որ Հայաստանի և Վրաստանի միասնական ապագան Եվրոպական Միությունում է»։
Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, անդրադառնալով այս որոշմանը, գրել է.
«Շատ եմ ուրախանում ընդդիմադիր դաշինքում «Ազատության հրապարակ»-ին տեսնելու համար։ Նրանք ունեն շատ կոմպետենտ, հայրենասեր մարդիկ։ Հաճույքով հետևում եմ Բակուր Կվաշիլավային, Գիորգի Շաիշմելաշվիլիին և շնորհավորում եմ Լևան Ցուցքիրիձեին՝ չնայած մեր վեճերին, նման լավ կազմ հավաքելու համար»։
«Ֆեդերալիստներ» կուսակցության անդամ Լիկա Գախարիայի խոսքով՝ Վրաստանի քաղաքական իրականության մեջ գլխավոր խնդիրներից մեկն ընդդիմադիր դաշտի ֆրագմենտացիան (մասնատվածությունը) էր.
«Տարբեր կուսակցությունների և խմբերի առանձին գործողություններն աղմուկ էին բարձրացնում, բայց ռեժիմի վրա համակարգային ճնշում չէին գործադրում։ Հասարակության մեջ աճում էր կոորդինացված գործողությունների՝ ընդհանուր ռազմավարության, ընդհանուր ուղերձի և պատասխանատվության կիսման պահանջը։
Ընդդիմադիր դաշինքի ձևավորումն այս պահանջին տրված ինստիտուցիոնալ պատասխանի փորձ է. սա ոչ թե պարզապես հայտարարությունների համախմբում է, այլ մի հարթակ, որը գործընթացին կառուցվածք է տալիս։ Այն պայմաններում, երբ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը կասեցված է, արևմտյան գործընկերների համար կարևոր է տեսնել ոչ միայն բողոք, այլև կազմակերպված, համախմբված, արևմտամետ քաղաքական այլընտրանք», — գրել է նա։