Արագության սահմանափակում դպրոցների մոտ․ նոր կանոններ

Վրաստանի դպրոցների հարակից տարածքներում ճանապարհային երթևեկության կանոնները կխստացվեն․ հատուկ նշաններով գոտիներում 30 կմ/ժ-ից ավելի արագությամբ ընթանալն արգելվելու է։

Այս փոփոխության մասին նշված է 2026-2030 թվականների Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրում։

«Անչափահասների անվտանգության հետ կապված առկա մարտահրավերներին արձագանքելու նպատակով Վրաստանում աշխատանքներ կսկսվեն դպրոցների հարակից գոտիների համապատասխան կարգավորման ուղղությամբ։ Մասնավորապես, Վրաստանի օրենսդրությունում «դպրոցական գոտի» հասկացության սահմանում, նշված գոտիներում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն արագության սահմանում՝ 30 կմ/ժ-ի չափով, և արագության գերազանցման գործող 15 կմ/ժ հանդուրժողականության (թույլատրելի շեղման) վերանայում դպրոցական գոտիներում։

Նշված օրենսդրական միջամտությունները կօգնեն նվազեցնել տրանսպորտային միջոցների շարժման միջին արագությունը դպրոցական գոտիներում և զգալիորեն կբարձրացնեն անչափահասների անվտանգության մակարդակը։ Դրանից բացի, մինչ «դպրոցական գոտի» հասկացության սահմանումը, Վրաստանում կգնահատվի բոլոր գործող հանրային դպրոցներին հարող ենթակառուցվածքների համապատասխանությունը Ճանապարհային անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի մշակած առաջարկություններին։

Ճանապարհային ենթակառուցվածքների ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն դպրոցական գոտիներում և դրանց հարակից տարածքներում հետիոտների անվտանգության ամրապնդմանն ուղղված համալիր ենթակառուցվածքային միջոցառումների իրականացման համար»,- նշված է 2026-2030 թվականների Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրում։