Վրաստանի դատախազությունը մեկ անձ է ձերբակալել պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Այս տեղեկությունը տարածել է դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Գարդաբանի-Մառնեուլիի անտառտնտեսության շրջանի մասնագետը պատրաստել է փայտանյութի կեղծ կտրոն, որի միջոցով ապօրինի կերպով հատվել է 5 խորանարդ մետր փայտանյութ։
«Քննությամբ պարզվել է, որ Ազգային անտառային գործակալության Քվեմո Քարթլիի անտառտնտեսության ծառայության Գարդաբանի-Մառնեուլիի անտառտնտեսության շրջանի մասնագետը պատրաստել է փայտանյութի կեղծ կտրոն, որը հանձնել է մեկ անձի: Նշված կեղծ փաստաթղթի հիման վրա անտառից ապօրինի հատվել և տարվել է 5 խորանարդ մետր փայտանյութ: Այս գործողությունը հանգեցրել է անտառային ռեսուրսների անտեղի և անհիմն օգտագործման։
Ձերբակալվածը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում հանրային շահերի դեմ՝ մեկ այլ անձի համար օգուտ ստանալու նպատակով, ինչը հանգեցրել է պետության օրինական շահերի էական խախտման) և 341-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք, այսինքն՝ կեղծ փաստաթուղթ պատրաստելը և տրամադրելը, որը կատարվել է անձնական դրդապատճառներով):
Դատախազությունը դատարան կդիմի օրենքով սահմանված ժամկետում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու խնդրանքով», — նշված է հաղորդագրության մեջ։