Աբաշայում և Սամտրեդիայում ապօրինի սպանդանոցներ են հայտնաբերվել

Սննդի ազգային գործակալության (ՍԱԳ) տեսուչներն Աբաշայում և Սամտրեդիայում հայտնաբերել են կենդանիների սպանդի դեպքեր՝ առանց անասնաբուժական վերահսկողության։

Գործակալության փոխանցմամբ՝ Սամեգրելոյի դեպարտամենտի իրականացրած պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական անձ Ջ. Խ.-ն, հետագա վաճառքի նպատակով, կենդանիների սպանդ է իրականացրել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ և սննդի անվտանգության պահանջների անտեսմամբ։ Տեղում հայտնաբերված կասկածելի ծագման միսը կնքվել է, իսկ ֆիզիկական անձը տուգանվել է օրենսդրության համաձայն։

Իմերեթիի դեպարտամենտի տեսուչները կրիտիկական և ոչ կրիտիկական անհամապատասխանություններ են հայտնաբերել ֆիզիկական անձ Ն. Թ.-ի անօրինական սպանդանոցում։ Օբյեկտը գործել է առանց գործակալության պարտադիր ճանաչման և տնտեսական գործունեության ռեգիստրում գրանցման, ինչի պատճառով տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է։

«Առանց անասնաբուժական վերահսկողության կենդանիների սպանդը վտանգում է մարդու առողջությունն ու կյանքը, մեծացնում է զոոնոզ հիվանդությունների (սիբիրախտ, բրուցելոզ և այլն) տարածման և թունավորումների ռիսկերը։ Գործակալությունը ևս մեկ անգամ զգուշացնում է ֆիզիկական անձանց՝ զերծ մնալ ինքնակամ և տնայնագործական պայմաններում կենդանիների սպանդից», — ասված է ՍԱԳ-ի հայտարարության մեջ։