Աջարիայի հեռուստատեսության տնօրենը հրաժարական է տվել

Հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի տնօրեն Վլադիմեր Տատիշվիլին հրաժարական է տվել։ Հրաժարականի մասին հայտարարվել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Նիստի ավարտին տեղեկացվել է, որ Տատիշվիլին պաշտոնավարելու է մինչև սեպտեմբերի 1-ը։

Վլադիմեր Տատիշվիլին Հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսության և ռադիոյի տնօրեն է ընտրվել 2022 թվականի նոյեմբերի 11-ին՝ երեք տարի ժամկետով, և աշխատանքը սկսել է նոյեմբերի 20-ին։ Նա հրաժարական տալու որոշում է կայացրել իր լիազորությունների ժամկետի ավարտից երեք ամիս առաջ։

Վլադիմեր Տատիշվիլիի առաջին տեղակալ Եկատերինե Շանիձեն կզբաղեցնի Աջարիայի հեռուստատեսության տնօրենի պաշտոնը։