Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. Ռուսթավելիի պողոտայում տեղի կունենա բողոքի ցույց։ Քաղաքացիները ժամը 16:00-ից կհավաքվեն մասնակցելու Ռուսթավելիի պողոտայում կայանալիք բողոքի ցույցին։
Նախատեսվում է նաև ուսանողական բողոքի երթ, որը ժամը 15:00-ին կսկսվի Թբիլիսիի պետական համալսարանի առաջին շենքի մերձակայքից։
«Ռուսթավելիի պողոտա» միավորման հիմնադիր Պաատա Բուրճուլաձեն կրկին կոչ է արել քաղաքացիներին միանալ բողոքի ցույցին։
«Ժամը 16:00-ին բոլորը կլինեն Ռուսթավելիի պողոտայում՝ Հայրենիքին ծառայելու համար», — գրել է Բուրճուլաձեն սոցիալական ցանցում։
Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցը շարունակվում է արդեն 311 օր։ Քաղաքացիները պահանջում են նոր ընտրություններ նշանակել և ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։
Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո — Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։