«Ազատության հրապարակ» կուսակցությանը չեն գրանցում

«Ազատության հրապարակ» կուսակցությանը չեն գրանցում. կուսակցության նախագահ Լևան Ցուցքիրիձեն խոսել է կուսակցության գրանցման ընթացքում «Վրացական երազանք»-ի կառավարության ստեղծած խնդիրների մասին:

Ցուցքիրիձեի խոսքով, վերջին երկու ամիսների ընթացքում երկու անգամ մերժել են որպես կուսակցություն իրենց գրանցումը։

«Վերջին երկու ամիսների ընթացքում «Վրացական երազանք»-ը երկու անգամ հրաժարվել է գրանցել «Ազատության հրապարակը»-ը։ Սա ցույց է տալիս, որ «Վրացական երազանք»-ը իրականում վախենում է սկզբունքային նոր քաղաքական կուսակցություններից և նոր մարդկանցից, որոնք քաղաքականություն են մտնում մաքուր անցյալով, իրենց ոլորտի գիտակներ, են ու մասնագետներ և պատրաստ են իրենց վրա քաղաքական պատասխանատվություն կրել։ Մենք չենք պատկանում կամ կապված չենք որևէ կառավարական թիմի հետ», — այսօր՝ մայիսի 14-ին, խորհրդարանի դիմաց ասել է Ցուցքիրիձեն:

Ցուցքիրիձեն խորհրդարանի մոտ էր թիմակիցների հետ՝ լրատվամիջոցների համար հայտարարություն անելու նպատակով: Նրա խոսքով, իրենք «մաքուր անցյալով գալիս են փոխելու ոչ միայն այս երկիրը կառավարողներին, այլև այս երկրի կառավարման, վարած քաղաքականության ձևը»:

Ցուցքիրիձեի խոսքով, մոտ ապագայում նոր համագումար կանցկացնեն, և «Վրացական երազանք»-ի բյուրոկրատական ​​և տեխնիկական հնարքները չեն խանգարի նրանց զարգանալ և դառնալ ուժեղ կուսակցություն։ Նա համախոհներին կոչ է արել գրանցվել որպես պատվիրակներ և աջակցել կուսակցությանը։

«Ազատության հրապարակ» («Թավիսուփլեբիս մոեդանի») քաղաքական նոր շարժումը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսի 1-ին: Շարժումն իր համախոհների հետ հիմնել է «Բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոն»-ի (EECMD) ղեկավար Լևան Ցուցքիրիձեն:

«Ազատության հրապարակ»-ը որպես շարժում եղել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ։ 2024-ի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս կազմող «Ազատության հրապարակ»-ը պնդում էր, որ ընտրությունները կեղծվել են։ Նրանք դիմադրության շարժում էին սկսել։