Ազգային փոքրամասնությունների ինտեգրման ամենահաջողված ծրագիրը փակման վտանգի առաջ

Ընթացիկ տարվա մայիսին հայտնի դարձավ, որ ազգային փոքրամասնությունների ինտեգրման և լեզվի խնդրի լուծման նպատակով գործադրված, թերևս, ամենահաջողված ծրագիրը՝ «1+4»-ը, «Վրացական երազանք»-ը նախատեսում է առաջիկայում դադարեցնել։ «Վրացական երազանք»-ը, որ վերջին տարիների ընթացքում ընդունել է բազմաթիվ վիճահարույց օրենքներ, սկսել է «բարեփոխումներ» իրականացնել տարբեր բնագավառներում, նախատեսում է նաև դադարեցնել «1+4» կրթական ծրագիրը։

«Վրացական երազանք»-ի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն հանձնաժողովի լսումների ժամանակ մայիսին հայտարարել էր, որ «մոտ ապագայում ազգային փոքրամասնությունների համար վրացերենով նախատեսված «1+4» կրթական ծրագիրն այլևս անհրաժեշտ չի լինի»։ Միքանաձեն ասել էր, որ երկրում ազգային փոքրամասնությունների շրջանում վրաց լեզվին տիրապետման առումով «զգալի բարելավում» կա, և ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների 93 տոկոսը «լավ մակարդակով տիրապետում է վրացերենին», հետևաբար առաջիկայում կդադարեցվի ծրագրի գործունեությունը։

Վրաստանում, որի բնակչության ավելի քան 13,5 տոկոսը կազմում են ազգային փոքրամասնությունները, «1+4» կրթական ծրագիրը գործի է դրվել 2010 թվականից։ Ծրագրի ընդունումից ի վեր հազարավոր երիտասարդներ սկսել են իրենց բարձրագույն կրթությունը ստանալ Վրաստանի տարբեր բուհերում, ընդ որում` տարեցտարի ընդունվողների թիվն ավելանում է։ Օրինակ, եթե 2010 թվականին ընդունվողների թիվը կազմում էր 247 հոգի, արդեն 2019-ին նրանց թիվը գերազանցել է 1300-ի շեմը , իսկ 2024 թվականի տվյալներով` 5 տարվա կտրվածքով ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է ազգային փոքրամասնության 5837 ներկայացուցիչ։ Արդյունքում ծրագրի շնորհիվ հազարավոր ուսանողներ մնացել և ուսումը շարունակել են Վրաստանում, այլ ոչ թե հարևան երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում:

«Ես իմ սեփական փորձից ելնելով կարող եմ ասել, որ սա միակ հնարավորությունն է, որի շնորհիվ ազգային փոքրամասնությունները կարող են բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի համալսարաններում, որն էլ հետագայում նպաստում է Վրաստանում աշխատանք գտնելուն։ Ծրագրի դադարեցման դեպքում, ըստ իս, կտրուկ կնվազի ազգային փոքրամասնությունների երիտասարդների ընդունելությունը Վրաստանի բուհեր», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Իլիայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ուղղության նախկին ուսանող Եկատիրինա Կապլանյանը։

Եկատիրինան, որ ընդունվել է համալսարան 2015 թվականին «1+4» ծրագրով, ասաց, որ այս տարի իր դիպլոմային աշխատանքը գրելու ժամանակ հարցազրույց է վերցրել ջավախահայ մի քանի երիտասարդից, և նրանք ասել են, որ ծրագրի փակվելը միանշանակ բացասական ազդեցություն կունենա տեղի հայ երիտասարդների վրա, և մեծամասնությունը կրկին կնախընտրի կրթությունը շարունակել Հայաստանի բուհերում, իսկ այն դրական պրոգրեսը, որը գրանցվել է այս տարիների ընթացքում` կզրոյանա։ Նա նաև նշեց, որ այս ծրագրի առկայության շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ ապահովվել են աշխատանքով, այսինքն` ծրագիրը նաև ունեցել է սոցիալական ազդեցություն։

«Պետք է նշեմ նաև, որ ծրագրի ուսուցման մակարդակը տարբեր համալսարաններում տարբերվում է, ինչն էլ, ըստ իս, բացասական երևույթ է։ Ծրագիրն այս դեպքում ավելի շատ օգնում է ադապտացվել միջավայրին, հասարակությանը, և հիմք է դրվում վրացական հասարակությունում ինտեգրմանը»,- ասաց Եկատիրինա Կապլանյանը։

«Սոցիալական ուսումնասիրության և հետազոտության ինստիտուտ»-ի 2022 թվականին անցկացրած ուսումնասիրության համաձայն, Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների 40 տոկոսն է տիրապետում վրացերենին։ Այս ցուցանիշը Սամցխե-Ջավախքում կազմում է ընդամենը 26 տոկոս, իսկ Քվեմո-Քարթլիում` 16 տոկոս։ Սա վկայում է այն մասին, որ Վրաստանում պետական լեզվի իմացության խնդիրը մնում է կրկին ամենամեծ մարտահրավերներից մեկը և դեռ սպասում է իր լուծմանը։

«Ես այս տարի եմ ավարտել «1+4» ծրագիրը ու, եթե անկեղծ լինեմ, այս ծրագրի չլինելու դեպքում հաստատ կրթությունս չէի կարողանա շարունակել այստեղ։ Ես վրացերենին գրեթե բացարձակ չէի տիրապետում, և սա մեծ հնարավորություն էր այդ բացը լրացնելու համար։ Ծրագիրը ոչ միայն օգնեց վրացերեն սովորելուն այլ նաև հասարակությանը ինտեգրվելուն ու Թբիլիսիին ադապտացվելուն, բայց ինտեգրացիայի համար ընդամենը մեկ տարին բավական չէ»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող Դավիդ Մոսոյանը։

Դավիդը նաև հավելեց, որ ծրագրի դադարեցումն արդարացի չէ, քանի որ դպրոցներում լեզվի ուսուցումն այն աստիճանի չէ, որ աշակերտն ավարտելուց հետո լավ տիրապետի վրացերենին և ընդունվի միանգամից առաջին կուրս։

Տարիներ շարունակ «Վրացական երազանք»-ի իշխանությունը խոսում էր ծրագրի անհրաժեշտության, կարևորության մասին, իսկ հիմա, կարծես, դիրքորոշումը փոխվում է։ Օրինակ՝ 2022 թվականի ամռանը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և այն ժամանակվա խորհրդարանի Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարին այցելել էին Ախալցիխե, որտեղ էլ հայտարարել էին, որ «1+4» ծրագիրը հաջողված ծրագիր է և պետք է ավելի բարելավվի։

Հիշեցնենք, որ ծրագիրը բուռն քննարկման առարկա էր դարձել նաև 2022 թվականին։ Այդ ժամանակ «Սալամի» հարթակի նախաձեռնությամբ սկսվել էր արշավ, որի նպատակն էր համալսարաններում վրացերենի ուսուցումը դարձնել բոլորի համար անվճար։ Այդ տարիներին միայն 100-ական հայ և ադրբեջանցի ուսանողներ էին ստանում անվճար ուսուցման հնարավորություն։ Արշավը, ճիշտ է, չհասավ իր վերջնական նպատակին, սակայն հաջորդ տարում անվճար ընդունվողների թիվը կրկնապատկվեց, բայց արդեն 2025 թվականին սկսեցին ակտիվորեն շրջանառել ծրագրի դադարեցման մասին մտադրությունը։

Հեղինակ՝ Հենրիխ Մալխասյան