Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի խոսքով՝ երկրում բացվել է 3061 ընտրատեղամաս, որոնցից 2284-ում ընտրությունները կընթանան էլեկտրոնային եղանակով, իսկ 777-ում՝ ավանդական եղանակով, և բոլորն էլ պատրաստ են ընդունել ընտրողներին։
Ընտրությունները, որոնց արդյունքում քաղաքացիները կընտրեն 64 քաղաքային խորհուրդների 2058 անդամների և 64 քաղաքապետերի, կսկսվեն ժամը 08:00-ին և կավարտվեն ժամը 20:00-ին։
«Վաղը՝ հոկտեմբերի 4-ին, տեղի կունենան քաղաքապետարանի ներկայացուցչական մարմնի՝ սակրեբուլոյի և ինքնակառավարվող քաղաքի/ինքնակառավարվող համայնքի քաղաքապետի հերթական ընտրությունները։
Վրաստանի քաղաքացիները կընտրեն 64 սակրեբուլոյի 2058 անդամի՝ համամասնական և մեծամասնական համակարգով, և 64 քաղաքապետի։
Ընտրական գործընթացը կդիտարկեն 28 միջազգային և 27 տեղական կազմակերպությունների դիտորդներ, նաև` 73 լրատվամիջոցների առնվազն հազար ներկայացուցիչներ։
Գրանցված միջազգային կազմակերպությունների թվում են տարբեր երկրների դեսպանատների, նաև 21 երկրների միջազգային կազմակերպությունների և ընտրական վարչակազմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բուլղարիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունգարիայի, Սլովակիայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի և Մոլդովայի»,- նշել է Կալանդարաշվիլին։
Նա հիշեցրել է նաև, որ հոկտեմբերի 4-ի ընտրություններին գրանցվել է 12 քաղաքական կուսակցություն։
Նրա խոսքով՝ Թբիլիսիից բացի, մնացած 63 մունիցիպալիտետներում գրանցված է քաղաքապետի 112 թեկնածու։
Հիշեցնենք, հանրության շրջանում մեծ քննարկան թեմա է այն հանգամանքը, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի Վրաստանում կայանալիք ընտրությունները կանցկացվեն առանց փորձառու և անկախ դիտորդների, դրանց թվում` առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ISFED-ի և այլն, որոնք բազմիցս դիտարկել են վրաստանյան ընտրությունները։
Դրանից բացի, ընդդիմության մի մասը բոյկոտում է այս ընտրությունները և դեմ է մասնակցությանը, իսկ մյուս մասի կարծիքով` այս ընտրությունները որոշիչ են Վրաստանի համար, և մասնակցությունը կարևոր է։
Ի դեպ, վերջին օրերի ընթացքում Քվեմո Քարթլիի շրջանում գրանցվել է մի քանի դեպք, երբ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմության անդամները հանել են իրենց թեկնածությունը հօգուտ «Վրացական երազանք»-ի։