Սննդի ազգային գործակալությունը նշել է, որ մրգերի և բանջարեղենի մեջ որոշակի սարքերով նիտրատների չափման վերջերս տարածված պրակտիկան հուսալի չէ։ Գործակալությունը պնդել է, որ դրանով մոլորեցնում են սպառողներին։
Գործակալությունը նշել է, որ ամեն տարի իրենք ստուգում են մրգերի և բանջարեղենի մոտ 400 նմուշ՝ տարբեր ցուցանիշների համար։ Խոսքը սեզոնային մրգերի, բանջարեղենի և համեմունքների մասին է։
Տվյալների համաձայն` միայն հուլիսին ամբողջ երկրում հետազոտվել է 84 նմուշ, ինչի հիման վրա պարզվել է, որ ձմերուկի, սեխի, խնձորի, դեղձի և լոլիկի նմուշներում բոլոր ցուցանիշները նորմայի սահմաններում են, սակայն կաղամբի և ճակնդեղի 4 նմուշներում հայտնաբերվել է նիտրատների չափազանց մեծ քանակություն։ Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ դրանք արդեն հանվել են շուկայից։
«Սննդի ազգային գործակալությունը տարեկան վերցնում է մինչև 400 մրգերի և բանջարեղենի նմուշ՝ տարբեր ցուցանիշների ստուգման համար: Համաձայն օրենսդրության և միջազգային պրակտիկայի՝ նմուշներ վերցնելիս պետք է պահպանվեն սահմանված կանոնները: Սննդի ազգային գործակալությունը հիմնվում է միայն միջազգային (ISO) ստանդարտներով հավատարմագրված լաբորատորիայում համապատասխան մեթոդաբանությամբ անցկացված հետազոտությունների արդյունքների վրա: Հետևաբար, կասկածելի սարքերով նիտրատների կամ այլ ցուցանիշների չափումը հուսալի չէ և նպատակ ունի մոլորեցնելու սպառողին»,-ասված է հայտարարության մեջ։