«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին «երկակի ստանդարտներով» է պատճառաբանել, թե ինչու չի մասնակցել Վարշավայում կայացած արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Բոճորիշվիլին շարունակել է «Վրացական երազանք»-ի որդեգրած ոչ դիվանագիտական բառապաշարով հայտարարություններ անել Արևմտյան երկրների հասցեին: Ըստ «Վրացական երազանք»-ի ԱԳ նախարարի՝ «Վրաստանում ժողովրդավարութունը չի զիջում ոչ մեկին»:
«Ամենուրեք կրկնակի ստանդարտներ կան։ Վրաց ժողովրդի շնորհիվ է, որ մենք ունենք այս կառավարությունը։ Մոտեցումը հիմնված է երկակի ստանդարտների վրա։ Վրաստանում ոչ մեկին զիջող ժողովրդավարություն չկա, ոչ մի ժողովրդավարական հետընթաց… Մենք չենք կարող այդպես միանգամից շտկել երկակի ստանդարտները։ Երկակի ստանդարտ է այն, որ ինչ թույլատրելի է Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանի դեպքում վրդովմունք է առաջացնում… Այս կառավարությունը հասարակության ընտրությունն է, և հարգեք դա։ Բոլորը՝ դուք և նրանք», — ասել է Բոճորիշվիլին։
Ի դեպ, այս տարվա մայիսի 7-ին և 8-ին Վարշավայում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպում, որը վարում էր Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Բոճիրիշվիլին չի մասնակցել հանդիպմանը։
Վերջին ամիսներին, հատկապես այն բանից հետո, երբ Վրաստանը դիմեց ԵՄ անդամակցության համար, գործընկեր երկրների, վրացական ՀԿ-ների, ընդդիմադիր կուսակցությունների կողմից «Վրացական երազանք»-ի կառավարությունը մեղադրվում է հակաեվրոպական քայլեր ձեռնարկելու համար, ինչը դրսևորվել է լրատվամիջոցների և քաղաքացիական հատվածի վերաբերյալ սահմանափակող օրենքների ընդունմամբ, հանրահավաքները ցրելու համար ուժի կիրառմամբ և հրապարակային հայտարարություններով։