Չանախչի գյուղը 3 օր հոսանք չի ունեցել. էլեկտրաէներգիան վերականգնվել է

Մառնեուլիի շրջանի Չանախչի գյուղը գրեթե 3 օր լույս չուներ, հոսանքազրկվել էր։

Չանախչի գյուղի ֆեյսբուքյան էջում գրել էին, որ գյուղը, լույսի հետ մեկտեղ, նաև ջրից է զրկված։

«Երկու ամսից ավելի է, ինչ լույսերը  պարբերաբար անջատվում են թեթև անձրևից կամ քամուց, նույնիսկ դրա բացակայության դեպքում, հետևանքը եղավ այն, որ ողջ գյուղին էլեկտրաեներգիա մատակարարող  գլխավոր սարքից ինչ-որ մաս փչացավ, որից հետո մեզ տեղեկացրին, որ երեք օր գյուղը լույս չի ունենալու»,- գրված է տեղեկության մեջ։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում գյուղացիները ևս հաստատեցին ստեղծված իրավիճակը։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը կապվել էր Մառնեուլիի սակրեբուլոյում (ավագանի) Չանախչի գյուղը ներկայացնող պատգամավոր Արսեն Հախվերդյանին իրավիճակի մանրամասները ճշտելու նպատակով։

Հախվերդյանի խոսքով` աշխատանքներ են տարվել հնարավորինս շուտ գյուղի էլեկտրաէներգիան վերականգնելու նպատակով։

«Վերջին օրերին ուժեղ քամու հետևանքով շրջանի 6 գյուղում վնասվել է էլեկտրաէներգիա մատակարարող գլխավոր սարքը։ Ոչ միայն Չանախչիում, հարևան գյուղերում ևս հոսանք չկար, ընթանում են վերականգնման աշխատանքներ, մի քանի գյուղերում հոսանքը արդեն մատակարարվում է, Չանախչիում ևս,  հավանաբար, այսօր էլեկտրաէներգիան կվերականգնվի»,- ասել էր պատգամավորը։

Նրա խոսքով, սա միակ վնասը չէ. վատ եղանակի ու ուժգին քամիների պատճառով տուժել է նաև գյուղատնտեսությունը, վնասվել է բերքը։

Հախվերդյանը հայտնեց, որ տարվում են աշխատանքներ էլեկտրամատակարարման սարքերի թարմացման ուղղությամբ, որպեսզի նման դեպքերը հնարավորինս նվազեն։

Գյուղում էլեկտրաէներգիան այս պահի դրությամբ արդեն վերականգնվել է։