Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Չանախչի գյուղի նորակառույց դպրոց տանող ճանապարհի վերականգնման համար մրցույթում հաղթող կա. պայմանագիրն արդեն կնքվել է: Այս պայմանագրի մասին տեղեկանում ենք Վրաստանի գնումների գործակալության կայքից:
Ըստ գնումների գործակալության կայքում ներառված մրցութային փաստաթղթի (NAT250006415)՝ վերականգնումը կիրականացնի «Նոմերի էրթի» ՍՊԸ-ն («Թիվ մեկ»): Այս ընկերությունը միակն է, որ մասնակցել է մրցույթին և ճանաչվել հաղթող:
Մառնեուլիի քաղաքապետարանը ճանապարհի վերականգնման համար 676 հազար 842 լարիի մրցույթ էր հայտարարել, «Նոմերի էրթի» ՍՊԸ-ն նախ առաջարկել է 676 հազար 842 լարի, վերջանական փուլում՝ 619 հազար 400 լարի. հենց այս արժեքով էլ կնքվել է պայմանագիրը:
Փաստաթղթի համաձայն, կվերականգնվի ընդհանուր առմամբ 1 կմ 124 մետր ճանապարհահատված: Պայմանագիրը կնքվել է մայիսի 22-ին և ուժի մեջ է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:
Ուշագրավ է նաև, որ «Նոմերի էրթի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժենմասը, ըստ MarneuliFM-ի տարածած տեղեկության, պատկանում է Մառնեուլիի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեի հորը՝ Պաատա Շուբիթիձեին:
Պաատա Շուբիթիձեն նաև 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր է «Քցիա» ընկերությունում, որը հաղթում է Մառնեուլիի քաղաքապետարանի ճանապարհի ասֆալտապատման գրեթե բոլոր մրցույթներում։
Նշենք, որ 2004 թվականից վագոններում դասընթացն անցկացրած Չանախչիի 9-ամյա դպրոցը 2023-2024 ուսումնական տարվանից նոր, ժամանակակից դպրոցի շենք ունի, որը նախատեսված է 60 աշակերտի համար: