Թբիլիսիում ընթացող ցույցի կազմակերպիչներն ընթերցեցին խոստացած ազատության հռչակագիրը:
Նրանց խոսքով, այս պահից ներքին գործերի նախարարությունը պետք է ծառայի վրաց ժողովրդին, այլ ոչ թե Բիձինա Իվանիշվիլիին։
«Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն վերադարձնելու երկիրը։ Այսօր Բիձինա Իվանիշվիլին մեր երկիրն այնպիսի իրավիճակի է հասցրել, որ հարկավոր է փրկել։ Ուրախ եմ, որ այսքան ոգևորված մարդիկ հավաքվեցինք միասին, և այսօր միասին պետք է որոշենք այս երկրի ճակատագիրը»,- ասել է Բուրճուլաձեն։
Ըստ Բուրճուլաձեի` այսօր առաջին անգամ Վրաստանի պատմության մեջ ազգային ժողով է ընթանում, որին ներկա է ողջ Վրաստանը, և այդ ազգային ժողովին անհրաժեշտ է հռչակագիր։
«Ես ուրախ եմ, որ այսքան շատ մարդ է հավաքվել, և մենք միասին այսօր պետք է որոշենք այս երկրի ճակատագիրը։ Ո՛չ թե վաղը։ Մենք չենք եկել բախումների համար, ես եկել եմ իմ թոռների հետ, բայց այսօր մենք չենք կարող պարտվել, այսօր մենք անպայման պետք է հաղթենք։ Վրաստանի քաղաքացիներն այլընտրանք չունեն: Այսօր Վրաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ամբողջ Վրաստանը միավորված է. սա ազգային ժողով է։ Այս ազգային ժողովը հռչակագրի կարիք ունի, որն իմ ձեռքին է։
Ես ձեզ համար կկարդամ այս հռչակագիրը, և եթե բոլորդ ձայն տաք դրան, նշանակում է` հենց այն պահից, երբ մեր ձայնը կտանք, իշխանությունը պատկանում է մեզ և ոչ թե Բիձինա Իվանիշվիլիին»,- ասել է Բուրճուլաձեն։
Հիշեցնենք. այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։