Դատախազությունը որպես վկա ցուցմունք տալու համար կանչել է այն ՀԿ-ների ներկայացուցիչներին, որոնց բանկային հաշիվները սառեցվել են անցյալ շաբաթ:
Դատախազությունը նրանց մեղադրում է 2024 թվականի վերջին բողոքի ցույցերը «ֆինանսավորելու» համար՝ որպես «սաբոտաժի գործի» մաս: Նույն գործով մարտին սառեցվել են նաև բարեգործական կազմակերպությունների, այդ թվում՝ «Նանուկա» հիմնադրամի հաշիվները։
Ըստ դատախազության՝ քաղաքացիական կազմակերպությունների ղեկավարները կանչվում են հարցաքննության՝ «գործին վերաբերող հանգամանքները պարզելու համար»։
Ըստ դատախազության հրապարակած նամակի՝ «Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ 2024 թվականին ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդները, նաև որոշ հիմնադրամների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ ակտիվորեն մասնակցել են Վրաստանի խորհրդարանի առջև և երկրի տարբեր վայրերում բռնի բողոքի ցույցերի պլանավորմանը և կազմակերպմանը: Վերոնշյալ հանգամանքները և քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են հանդիսացել 12 իրավաբանական անձանց՝ հիմնադրամների և ոչ կառավարական կազմակերպությունների բանկային հաշիվների առգրավման համար` դրանով իսկ սահմանափակելով միջոցների հետագա անհարկի տնօրինումը»։
Թբիլիսիի քաղաքային դատարանը մի քանի օր առաջ բավարարել է դատախազության միջնորդությունը՝ յոթ ոչ կառավարական կազմակերպությունների բանկային հաշիվները կալանքի տակ դնելու վերաբերյալ։
Սառեցվել են հետևյալ կազմակերպությունների հաշիվները.
- Քաղաքացիական հասարակության հիմնադրամ
- ISFED
- IDFI
- GDI
- «Ժողովրդավարության պաշտպաններ»
- «Սափարի»
- «Սոցիալական արդարադատության կենտրոն»։
Միջազգային կազմակերպությունները և դիվանագիտական առաքելությունները կոչ են արել Վրաստանի կառավարությանը անհապաղ չեղյալ համարել անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բանկային հաշիվները սառեցնելու որոշումը և դա որակել են «հիմնարար իրավունքների նկատմամբ հարձակում» և «քաղաքական հետապնդման ակտ»։
Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները, որոնց հաշիվները սառեցվել են դատախազության պահանջով, հայտարարել են, որ չնայած սահմանափակմանը` կշարունակեն իրենց գործունեությունը։