Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ դատախազությունը պահանջում է հարցաքննել իրեն հոկտեմբերի 4-ի գործով։
Սաակաշվիլին նշել է, որ ինքը չի մասնակցել հոկտեմբերի 4-ի միջոցառումների կազմակերպմանն իր ազատազրկման պատճառով։
«Դատախազությունը պահանջում է իմ հարցաքննությունը հոկտեմբերի 4-ի գործով։ Ինձ համար մեծ պատիվ կլիներ լինել հոկտեմբերի 4-ի հանրային հավաքի կազմակերպիչը, բայց, ցավոք, նրանք ինձ պահում են լիակատար մեկուսացման մեջ, և ես չեմ կարող մասնակցել այս և այլ կարևոր միջոցառումների։
Կարծում եմ` եթե մասնակցեի հոկտեմբերի 4-ի հանրային հավաքի կազմակերպմանը և անցկացմանը, մենք կարող էինք հասնել բոլորովին այլ արդյունքի։ Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է շարունակենք պայքարը և շատ ավելի ինտենսիվացնենք։ Վրաստանը անպայման կհաղթի բռնապետությանը», — հայտարարել է Սաակաշվիլին։
Մինչ օրս Թբիլիսիում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձերբակալվել է 46 մարդ։ Նրանցից միայն երկուսի՝ բժիշկ Գիորգի Չախունաշվիլիի և գրաֆիկական դիզայներ Իա Դարախվելիձեի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավի կիրառումը, և նրանք ազատ են արձակվել։ Մնացածը նախնական կալանքի տակ են։