Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սափարի» կազմակերպության ղեկավար Բայա Պատարաիային սեպտեմբերի 9-ին դատարանում հարցաքննել են «դիմակների գործով»։
Մագիստրատ դատավորի հարցաքննությունից հետո Բայա Պատարաիան ասել է, որ այդ հարցաքննությունը պարզապես ժամանակի կորուստ էր։
«Իմ ֆեյսբուքյան գրառումները մեկ առ մեկ ուսումնասիրում էին։ Այսպիսի գրառումներ, օրինակ՝ «եթե ուզում ես հասնել ազատության, պիտի անցնես Ռուսթավելիով»։ Հարցնում էին՝ նման բան ասելով ինչ նկատի ունեի։ Իմ կարծիքով` դա շատ անլուրջ էր, և սա պարզապես դատախազության, դատարանի և իմ ժամանակի կորուստ է։ Հարցերը հիմնականում վերաբերում էին նրան, թե ինչու եմ գրում, որ այս երկրում մարդիկ ունեն գործադուլի իրավունք, հավաքների և արտահայտվելու ազատություն»։
Պատարաիային մանրամասն հարցաքննել են նաև կազմակերպության գործունեության շուրջ, թե ինչ ծրագրեր են իրականացնում, որն է այդ ծրագրերի նպատակը և այլն։ Սրան ի պատասխան «Սափարի»-ի ղեկավարը պատասխանել է, որ այդ ամենի մասին տեղեկություններ կան նաև իրենց ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին դատախազության պահանջով յոթ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվները սառեցվել են, դրանց թվում է նաև «Սափարի»-ն։