«Դրամաշնորհների մասին» օրենքը վտանգ է կրթության ոլորտի համար. Փորձագետները ահազանգում են

Վրացի վերլուծաբանների և գիտության ոլորտում աշխատող փորձագետների կարծիքով, Վրաստանի բարձրագույն կրթությանը և գիտությանը հասցված հարվածներ են «Դրամաշնորհների մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Որոշ փորձագետներ կարծում են, որ թյուր տեսակետ է տարածվել, թե, իբր, «Դրամաշնորհների մասին» օրենքում կատարած փոփոխությունները համալսարաններին չեն վերաբերելու:

Մասնավորապես, ըստ օրենքի մեջ կատարած փոփոխության, Հակակոռուպցիոն բյուրոն վերահսկելու է արգելված դրամաշնորհների տրամադրումն ու ստացումը։ Արգելված դրամաշնորհ ստանալու դեպքում դրամաշնորհառուն կտուգանվի նշված դրամաշնորհի կրկնակիի չափով:

«Դրամաշնորհների մասին» օրենքում ավելացվել է չորս հոդված.

  • Դրամաշնորհ տրամադրելու համար պահանջվում է կառավարության կամ կառավարության նշանակած լիազորված անձի/կազմակերպության հաստատումը;
  • Պատասխանելու համար սահմանվել է 10-օրյա ժամկետ;
  • Բողոքը չի կասեցնում կառավարության որոշումը;
  • Արգելվում է ընդունել առանց համաձայնության տրված դրամաշնորհ;
  • Հավանություն ստանալու համար դրամաշնորհառուն պետք է կառավարությանը ներկայացնի դրամաշնորհառուի և ստացողների միջև համաձայնագրի նախագիծ (բոլոր մանրամասները նախանշված՝ ներառյալ ժամկետները և նպատակները),
  • Հակակոռուպցիոն բյուրոյին հանձնարարվել է վերահսկել չարտոնված դրամաշնորհների տրամադրումը և ստացումը.

Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ փոփոխությունը կվնասի բոլոր ոլորտները՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական ոլորտ, հատկապես խոցելի խմբերի շրջանակներում։

«Այլընտրանքային ֆինանսավորման տարբերակներ չկան, և պետությունը այդքան էլ հետաքրքրված չէ քաղաքացիական կրթությամբ, մարդու իրավունքներով և ժողովրդավարության զարգացմամբ։ Համապատասխանաբար, փորձում է իրականացնել իր սեփական քաղաքականությունը՝ ֆինանսավորելով միայն իր գաղափարախոսությանը մոտ հարցեր, ուլտրապահպանողական, հակաժողովրդավարական, հակագենդերային և քսենոֆոբ թեմաներ»,- ասաց Նանուաշվիլին:

Իլիայի պետական համալսարանի կրթության և քաղաքականության բնագավառում պրոֆեսոր Քեթի Ցոտնիաշվիլին իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով «Դրամաշնորհների մասին» օրենքում կատարած փոփոխություններին կրթական ոլորտում, գրել է.

«Որպեսզի համալսարանը ստանա կրթական, գիտական ​​կամ ինստիտուցիոնալ զարգացման դրամաշնորհ, դոնոր կազմակերպությունը պետք է համաձայնեցնի Հակակոռուպցիոն բյուրոյի հետ, բացի այդ, եթե մենք անհատապես ստանանք հետազոտական ​​դրամաշնորհ Վրաստանում, դա նույնպես պետք է համաձայնեցված լինի»։ Ցոտնիաշվիլին նաև նշել է, որ «Դրամաշնորհների մասին» օրենքում կատարված փոփոխությունները Վրաստանի բարձրագույն կրթությանը և գիտությանը հասցված մեծագույն հարվածներ են:

Փորձագետն ընդգծել է, որ օրենքը ևս մեկ անգամ կրթության ոլորտում սահմանափակում է ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունը, քանի որ կուսակցությունը կվերահսկի, թե որ համալսարաններն ու հետազոտողները ինչ տեսակի ֆինանսավորում կարող են ստանալ։

«Շատ դոնորներ ընդհանրապես կմերժեն սա (օրինակ՝ Հունգարիայի «Էրազմուս» և «Հորիզոն» ծրագրերի ֆինանսավորումը կրճատվել է դրա պատճառով), քանի որ ակնհայտ է, թե ինչպես են ԵՄ երկրները համագործակցում «Վրացական երազանք»-ի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, թե որտեղ կլինեին բարձրագույն կրթությունն ու գիտությունը, որոնք արդեն իսկ անմխիթար վիճակում են, առանց Եվրամիության և այլ դոնորների ֆինանսավորման»,- հավելել է պրոֆեսորը:

«Բաց հասարակության հիմնադրամ»-ի իրավաբան Սաբա Բրաճվելին Facebook-ում գրել է, որ «Դրամաշնորհների մասին» օրենքի նախատեսվող փոփոխությունները դիտվում է որպես դոնորների սահմանափակում։

«Օրինակ՝ մինչ այժմ ցանկացած իրավական խնդրի համար կարող էիր դիմել ցանկացած հասարակական կազմակերպության, որտեղ մասնագետներն անվճար կուղղորդեին քեզ, հայց կգրեին քո փոխարեն, գուցե նույնիսկ դատարանում պաշտպանեին քո շահերը։
Իսկ այսկերպ «Վրացական երազանք»-ը կարգելափակի բոլոր «անբարենպաստ» կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք աշխատում են մարդու իրավունքների համար, կոռուպցիայի դեմ կամ այլ բարեգործությունների ուղղությամբ»,- գրել է Բրաճվելին:

Հատկանշական է, որ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Լիտվան հանել է Վրաստանին 2025 թվականի կիսամյակային փոխանակման ծրագրերի կրթաթոշակների ցանկից: Վրաստանն այլևս նշված չէ այն կայքում, որտեղ թվարկված են կրթաթոշակային երկրները 2025/2026 ուսումնական տարվա փոխանակման ծրագրերի համար:

Այդ ժամանակ ևս, փորձագետները կարծում էին, որ, ընդհանուր առմամբ, երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը և հարաբերություններն այլ երկրների հետ շատ էական ազդեցություն են ունենում կրթական համագործակցության և հնարավորությունների վրա: