Վրաստանյան մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ արձագանքել են «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հղած բաց նամակին:
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի խոսքով, «Բիձինայի «Երազանքը» տանջվում է, Կոբախիձեին ստիպում է բաց նամակներ գրել»: Ըստ Խազարաձեի՝ «եթե որևէ տեղ Deep State կա, ապա դա Բիձինան է և նրա խամաճիկները՝ բառի ուղղակի իմաստով»։
«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի քաղաքական քարտուղար Գիորգի Բարամիձեն նշել է. «Այս դավաճան և հանցավոր ռեժիմի անդամները պատասխան նամակ չեն ստացել նախագահ Դոնալդ Թրամփից և նրա վարչակազմից, քանի որ նրանք չեն ընդունում իրենց։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ ոչ մի քաղաքակիրթ երկիր հանցավոր ռեժիմին՝ պուտինյան Ռուսաստանի հինգերորդ շարասյանը, չի ճանաչում որպես լեգիտիմ կառավարություն»:
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ արձագանքել է նամակին. «Եթե չհոգնեք դա կարդալուց, կհասկանաք, որ մեզ կառավարում են հոգեկան խանգարումներով տառապող մարդիկ։ Իվանիշվիլիի ռեժիմը պետք է տապալվի։ Կա՛մ հայրենիքը, կա՛մ Բիձինան՝ սա է ընտրությունը»։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ գնահատել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հղած նամակը։ Զուրաբիշվիլին հանրությանը կոչ է արել կարդալ նամակը. նրա գնահատմամբ՝ նամակը չի պահպանում «արարողակարգի և բարեկամության կանոնները», և ի ցույց է դրված «լիակատար հուսահատություն»։
Այսօր՝ մայիսի 13-ին, «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված ԱՄՆ նախագահին և փոխնախագահին: Կոբախիձեն իր Facebook-յան էջում գրել է, որ մի քանի շաբաթ առաջ նրանց ուղարկած նամակը վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, որում արտահայտել էր հարաբերությունները «մաքուր էջից» սկսելու իր պատրաստակամությունը, մնացել է անպատասխան։ Կոբախիձեն կարծում է, որ դա զարմանալի է` հաշվի առնելով, որ «Վրացական երազանք»-ի և ԱՄՆ ներկայիս վարչակազմի միջև արժեքների մերձեցում կա։