Ըստ Կոբախիձեի` ԵՄ առաջնորդները պատրաստ են վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը մասնակցել է Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովին, ասել է, որ խոսել է ԵՄ ավելի քան 30 առաջնորդների հետ։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում նա լրագրողներին ասել է, որ բանակցությունները գոհացուցիչ են։

«Հետաքրքիր այց էր, մենք այստեղ երկկողմ հանդիպումներ ունեցանք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։ Ես նաև ելույթ ունեցա պանելային քննարկման շրջանակներում։ Ամենահետաքրքիրն այն էր, որ հնարավորություն ունեցա խոսելու ավելի քան 30 առաջնորդների հետ։

Այս բոլոր առաջնորդներին ներկայացրի մեր ազգային շահերը, և մենք խոսեցինք Վրաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների վերանայման անհրաժեշտության և հեռանկարների մասին։ Հետաքրքիր է, որ մի շարք բարձրաստիճան առաջնորդներ պատրաստակամություն հայտնեցին վերանայել մեր հարաբերությունները և քննարկում սկսել Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտման հետ կապված բոլոր հարցերի շուրջ, ինչը լավ խթան է», — ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հատկանշական է, որ 2024 թվականի գարնանից ի վեր, երբ «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունեց «գործակալների մասին օրենքը» և մի շարք այլ օրենքներ, որոնք զգալիորեն բարդացրին անկախ լրատվամիջոցների և ՀԿ-ների աշխատանքը Վրաստանում, ԵՄ երկրները շարունակ հայտարարում էին, որ այդ որոշումներով Վրաստանը շեղվել է ԵՄ-ի ուղուց։

ԵՄ-ի վերաբերյալ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարած որոշումներից մեկը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ. անցյալ տարվա նոյեմբերի 28-ին նա հայտարարեց, որ հաջորդ չորս տարիների ընթացքում երկրի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մեկնարկի հարցը կասեցվում է։