Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին և «Վրացական երազանք» կուսակցությանը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Պապուաշվիլիի մեղադրանքներին։
Հայտարարության մեջ նշված է, որ մերժում են Պապուաշվիլիի անհիմն մեղադրանքները և դատապարտում նրան անհիմն ապատեղեկատվություն տարածելու համար, քանի որ դա հարվածում է Գերմանիա- Վրաստան հարաբերություններին։
Խոսքը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարության մասին է, ըստ որի` նա մեղադրում է Գերմանիայի դեսպան Պիտեր ֆիշերին Մամուկա Խազարաձեի հետ համագործակցության համար։
«Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և դատապարտում է պարոն Պապուաշվիլիի անհիմն մեղադրանքները։ Մենք ցավում ենք, որ ապատեղեկատվության և վնասակար նարատիվի տարածմամբ նա վնաս է հասցնում Գերմանիա-Վրաստան հարաբերություններին»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ իրենք կտրականապես մերժում են «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը Գերմանիայի դեսպանի նկատմամբ.
«Գերմանիայի դեսպանը Թբիլիսիում ներկայացնում է դաշնային կառավարության դիրքորոշումը։ Գերմանիան ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել Եվրամիության և Գերմանիայի կառավարության դիրքորոշումների և քաղաքականության վերաբերյալ կեղծ նարատիվների տարածումը և փոխել իր ընթացիկ քաղաքական կեցվածքը»։
Հիշեցնենք, որ Շալվա Պապուաշվիլին Գերմանիայի դեսպանի դեմ հայտարարությամբ հանդես էր եկել օգոստոսի 5-ին ուղիղ եթերում։