«Վրացական երազանք»-ի կրթության նախարար Գիվի Միքանաձեն տեսահոլովակի միջոցով խոսել է Թբիլիսիի պետական (ԹՊՀ) և Վրաստանի տեխնիկական (ՎՏՀ) համալսարանների միավորման գաղափարի շուրջ, որի մասին հունվարի 29-ին հայտարարվել է հանրությանը, այդ թվում՝ համալսարանների դասախոսական կազմին ու ուսանողներին։
Գիվի Միքանաձեի չորսուկես րոպեանոց պարզաբանումը Կրթության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է փետրվարի 1-ին։
Գիվի Միքանաձեն տեսամենախոսության մեջ բացատրում է, որ համալսարանների միավորման նպատակը շրջանավարտների մրցունակության բարձրացումն է և նրանց համապատասխանությունը շուկայի պահանջներին։
Նրա խոսքով՝ Թբիլիսիի պետական և Վրաստանի տեխնիկական համալսարանների միավորումից հետո ծրագրերը մանրամասն կուսումնասիրվեն, և մարդկային ռեսուրսները հնարավորինս շատ կբաշխվեն, որպեսզի «այդ համալսարանի ոչ մի դասախոսական կազմի ներկայացուցիչ չմնա անմասն».
«Միջգերատեսչական հանձնաժողովն այս հարցի վրա աշխատել է ինն ամիս, և վարչապետի հրապարակայնորեն ներկայացրած փաստաթուղթը բազմիցս քննարկումների առարկա է եղել թիրախային խմբերի հետ։ Միայն դրանից հետո է դա հաստատվել»։
Կրթության նախարարի խոսքով՝ նոր հայեցակարգի արդյունքում կձևավորվի երկու կենտրոն Թբիլիսիում և Քութաիսիում, որտեղ կպահպանվի «մեկ ֆակուլտետ մեկ քաղաքում», և այս սկզբունքի հիման վրա կհամատեղվեն կոնկրետ պետական համալսարանների մարդկային ու նյութատեխնիկական ռեսուրսները «ծրագրերի ստանդարտացման և որակի բարելավման» նպատակով։
Ի դեպ, հունվարի 29-ից դասախոսների և ուսանողների մի խումբ բողոքի ակցիաներ է սկսել: Դասախոսները, հետազոտողները և ուսանողները դիմել են «Վրացական երազանք»-ի խորհրդարանին և կառավարությանը՝ պահանջելով կասեցնել Վրաստանի տեխնիկական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի միավորման գործընթացը և հանրային քննարկում անցկացնել մինչ այդ հարցը խորհրդարանում քննարկելը: