2008-2012 թվականներին խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեն հրավիրվել է խորհրդարանում գտնվող «Վրացական երազանք»-ի ժամանակավոր քննչական հանձնաժողով։ Նա հրաժարվել է ներկայանալ, թեև մերժումը պատժվում է մեկ տարվա ազատազրկմամբ։
Թարգամաձեն նամակ է հրապարակել հանձնաժողովի ղեկավար Թեա Ծուլուկիանիի ստորագրությամբ։
«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հանձնաժողովը խնդրել է բացատրություններ տրամադրել 2004-12 թվականներին Վրաստանում պաշտպանության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում տիրող իրավիճակի վերաբերյալ», — գրել է Ծուլուկիանին Թարգամաձեին:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը խորհրդարան է հրավիրվել ապրիլի 3-ի ժամը 11:00-ին:
«Վրացական երազանք»-ի խորհրդարանական ժամանակավոր քննչական հանձնաժողովում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետ կապված հարցաքննվում են նախկին քաղաքական գործիչներն ու զինվորականները: «Վրացական երազանք»-ի կառավարությունը պնդում է, թե 2008 թվականին Վրաստանում պատերազմը սկսել է այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Հանձնաժողովի գործունեության դեմ իրենց դիրքորոշումը հրապարակայնորեն հայտնել են մի շարք ներկա ու նախկին զինվորականներ և ոստիկաններ, նաև օգոստոսյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամներ։
Հարավային Օսիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարել է, որ «պատերազմ սկսելու մեղավորները պետք է պատժվեն» և կրկին մեղադրել է Վրաստանի կենտրոնական իշխանություններին «ցեղասպանության համար»։
Այնուամենայնիվ, այն պայմաններում, երբ Ստրասբուրգի և Հաագայի միջազգային դատարանները սահմանել են Ռուսաստանի պատասխանատվությունը պատերազմի համար, պատերազմի հետաքննող հանձնաժողովի գործունեությունը շատերի համար նշանակում է, որ դա Ռուսաստանի Դաշնության շահերին սպասարկելու միջոց է։
Հանձնաժողովի քննարկմանը չեն ներկայացել.
- «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն,
- Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին: Ծուլուկիանին երեքի դեմ էլ դիմել է դատախազություն։
- Նախկին քաղաքական գործիչ, ներկայումս «Ֆորմուլա»-ի հեռուստահաղորդավար Գիորգի Թարգամաձեն: Նրան նույնպես պատասխանատվություն է սպառնում։
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
- Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: