«Հայաստանն ու Ադրբեջանը շատ ավելի լավ վիճակում են, քան Վրաստանը»․ այս գնահատականը պատկանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և վերջին ամիսներին բազմիցս հնչել է նաև Վրաստանի արևմտյան գործընկերների կողմից։
Այդ հայտարարությունները վերաբերում են ոչ միայն երկրի ներքաղաքական զարգացումներին, այլև արտաքին քաղաքական ուղեգծին, որը, փորձագետների գնահատմամբ, հեռանում է եվրատլանտյան արժեքներից։ Վրաստանի շուրջ հնչող այս քննադատական գնահատականների ֆոնին առավել ընդգծված է դառնում տարածաշրջանում տեղի ունեցող հակադրությունը․ մինչ Հայաստանը փորձում է արագացնել եվրոպական ինտեգրման գործընթացը, Վրաստանում նկատվում է հակառակ միտումը։
Ինչպես սկսվեց Հայաստանի եվրամիությանն անդամակցության ճանապարհը, և որտեղ են այսօր Վրաստանն ու Հայաստանը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀՀ-ի եվրաինտեգրումը կապված է նաև Վրաստանի եվրոպական հեռանկարների հետ: Նա նշել է, որ Վրաստանի կողմից ԵՄ թեկնածուի կարգավիճակի ընդունումը էական ազդեցություն է ունեցել ներկայիս Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության որոշման վրա:
«Ես չեմ կարող խոսել Ադրբեջանի անունից, դա ճիշտ չի լինի, բայց դուք գիտեք, որ մենք ընդունել ենք օրենք՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին։ Սա մեր ձգտումների և հավակնությունների հստակ օրինակ է», — ասել է Փաշինյանը Փարիզի 8-րդ խաղաղության ֆորումի «Առաջնորդության խաչմերուկ» խորագրով քննարկման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ համաձայնագիրը կարող է լինել Հայաստանի ու Ադրբեջանի եվրոպական ինտեգրման առաջին քայլը»։
Փաշինյանի խոսքով՝ այս հարցը մասամբ կապված է տարածաշրջանի մեկ այլ երկրի՝ Վրաստանի եվրոպական հեռանկարների հետ.
«Այս օրենքի ընդունումը Հայաստանում հնարավոր էր հենց այն պատճառով, որ մեկ տարի առաջ Վրաստանը ստացավ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Չգիտեմ՝ սա նաև աշխարհագրական հարց է, թե ոչ, բայց կարծում եմ, որ Վրաստանի եվրոպական հեռանկարները շատ կարևոր են Հայաստանի համար», — ասել է ՀՀ վարչապետը։
Հայաստանի և Վրաստանի եվրոպական ապագան փոխկապակցված է
Որոշ փորձագետների գնահատականի համաձայն` եվրոպական ձգտումների առումով տարածաշրջանում Վրաստանն իր տեղը զիջում է Հայաստանին:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն ու դեպի Եվրոպական միություն ակտիվ քայլերը զուգահեռվում են Վրաստանում տեղի ունեցող հակառակ գործընթացի հետ։ Նրա խոսքով՝ որքան Հայաստանը մոտենում է Եվրամիությանը, այնքան Վրաստանը հեռանում է այդ ճանապարհից։
«Այս իրավիճակը պատահական չէ։ Հայաստանի և Վրաստանի եվրոպական ապագան փոխկապակցված են։ Հայաստանը եվրաինտեգրման գործընթացը սկսեց այն բանից հետո, երբ Վրաստանին տրվեց թեկնածու երկրի կարգավիճակ, և դրանից անմիջապես հետո Հայաստանի նախաձեռնությամբ երկու երկրների միջև կնքվեցին ռազմավարական հարաբերություններ։ Սա հստակ ազդակ էր, որ Երևանը Վրաստանի եվրոպական ճանապարհը դիտարկում է որպես սեփական եվրոպական հեռանկարի կարևոր բաղադրիչ»,– «Ալիք Մեդիա»-ի հետ զզրույցում ընդգծեց Թումասյանը։
Նրա խոսքով՝ գործընթացները շարունակական բնույթ էին կրում․ 2024 թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, իսկ սեպտեմբերի 9-ից Հայաստանը և Եվրոպական միությունը մեկնարկեցին մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը։
«Այդ հանդիպման ընթացքում ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն, ըստ որի՝ Եվրամիության կողմից Հայաստանին անհրաժեշտ աջակցությունն ու մատակարարումները պետք է իրականացվեին Վրաստանի տարածքով։ Դա տրամաբանական էր, քանի որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ունեցող երկիր է և այդ իմաստով առանցքային տարանցիկ դեր ունի»,– ասաց նա։
Սակայն, ինչպես ընդգծեց Թումասյանը, Բիձինա Իվանիշվիլին հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Եվրամիությունը «գլոբալ պատերազմի կուսակցություն» է, և դրանից հետո Վրաստանը փաստացիորեն կասեցրեց ոչ միայն սեփական ԵՄ անդամակցության գործընթացը, այլև սկսեց ակտիվորեն խոչընդոտել Հայաստանի եվրաինտեգրմանը։
Թումասյանի խոսքով՝ այդ խոչընդոտումը դրսևորվում է տարբեր ոլորտներում՝ սկսած ֆրանսիական զենքերի մատակարարումներից մինչև տնտեսական համագործակցության գործընթացներ։ Նրա գնահատմամբ՝ Վրաստանն այս փուլում գործում է Ռուսաստանի ցուցումով՝ փորձելով արգելակել Հայաստանի եվրոպական ինտեգրումը։
Փորձագետը նաև համոզված է, որ Հայաստանի առաջընթացը կարող է ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ Վրաստանի համար ևս։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Վրաստանում իշխանության լինեն ուժեր, որոնք իրականում շահագրգռված են եվրաինտեգրմամբ։
«Ցավոք, այսօրվա Վրաստանի իշխանությունը՝ «Վրացական երազանք»-ը, այդպիսի ուժ չէ»,– եզրափակեց Գիորգի Թումասյանը։