Հայաստանի ու Վրաստանի շահերը համընկնում են. Արայիկ Հարությունյան

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների իշխանությունների ու կառավարությունների սերտ համագործակցության արդյունքում, այս փաստաթուղթը ոչ միայն արձանագրում է երկու ժողովուրդների համատեղ անցած ուղին ու հարաբերությունների զարգացումը, այլև վկայում է կողմերի միջև ձևավորված փոխվստահության մասին։ Այս միտքը Հայ-վրացական համաժողովի ժամանակ հնչեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ կարևորելով նման քննարկումների անցկացումը։

Նրա խոսքով՝ չնայած պատմականորեն հայերն ու վրացիները հազարամյակներով կապ են ունեցել, այսօր էլ կան շատ բաներ, որ երկու ժողովուրդները կարող են սովորել միմյանցից ու ավելի լավ ճանաչել միմյանց։

«Մեր հարաբերությունները նոր մակարդակի են հասել։ Որպես Հայաստան-Վրաստան միջպետական կառավարական հանձնաժողովի նիստերի բազմամյա մասնակից՝ կարող եմ ասել, որ սա արդյունք է այն փոխվստահության բարձր մակարդակի, որը ձևավորվել է երկու երկրների ղեկավարությունների ու քաղաքական ուժերի միջև»,- ասել է Հարությունյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև առկա են ինտենսիվ և անմիջական շփումներ, որոնց շրջանակում քննարկվում են բոլոր հնարավոր հարցերը։ «Չեմ կարող ասել, թե բոլոր հարցերը լուծվում են, սակայն քննարկումները տեղի են ունենում գործընկերային և կառուցողական մթնոլորտում։ Մենք հաճախ ենք ընդգծում վրաց գործընկերների հետ շփումների ժամանակ, որ դարերի ընթացքում մեր ժողովուրդների միջև երբեք լուրջ հակամարտություններ չեն եղել։ Եղել են առանձին դրվագներ, երբ որոշ սահմանային լարվածություններ են առաջացել, սակայն դրանք երբեք չեն վերածվել մեծ հակամարտությունների, ինչը եզակի երևույթ է տարածաշրջանում»,- նշել է նա։

Տնտեսական համագործակցության համատեքստում Հարությունյանը նշել է Վրաստանի կարևորությունը Հայաստանի համար՝ որպես կապ Սև ծովի և հյուսիսային ուղիների հետ։ Նրա խոսքով՝ երկու երկրները զարգացնում են հարաբերությունները մի շարք ոլորտներում՝ առևտրից ու էներգետիկայից մինչև տրանսպորտային հաղորդակցություններ և զբոսաշրջություն։ Նա հիշեցրել է, որ վերջին երկու տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը։ Այս համատեքստում Վրաստանը նաև կարևոր հանգույց է հանդիսանում Հայաստանի և այլ երկրների միջև անուղղակի առևտրի համար՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է, և առևտուրը տեղի է ունենում Վրաստանի միջով։

Անդրադառնալով կրթամշակութային համագործակցությանը՝ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ ԿԳՄՍ նախարար եղած տարիներին՝ 2018-19 թթ., նախաձեռնել են ծրագրեր՝ ուղղված հայ և վրացի երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը։ «Իրականում մեր երիտասարդներն իրար մասին շատ քիչ բան գիտեն։ Եթե այսօր անցկացնենք հարցումներ, ապա կպարզվի, որ նրանք միմյանց լավ չեն ճանաչում։ Սա այն խնդիրներից է, որը պետք է լուծեն երկու երկրների կառավարությունները։ Թեև արտաքինից խնդիրն այնքան բարդ չի թվում, այնուամենայնիվ, լուծման կարիք ունեցող հարց է»,- նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Վրաստանը Հայաստանի կարևոր գործընկերն է նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության տեսանկյունից։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը մի քանի անգամ հանդես է եկել նախաձեռնություններով՝ նպատակ ունենալով նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Օրինակ՝ երկու ամիս առաջ Թբիլիսիում կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Հայկական կողմը, ըստ Հարությունյանի, բարձր է գնահատում Վրաստանի այդ ջանքերը: