Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցին միացնելու և ՀՀ էլեկտրացանցի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։
«Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր (խմբ․ Հայաստանի) էլեկտրացանցը վրացական ցանցին միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ. որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, գալիս է նաև մեր փորձառությունից: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի ու նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց (խմբ․ ռուս-ուկրաինական պատերազմը), Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է, ինչպես դուք նույնպես գիտեք»,- մանրամասնել է Կոսը։
Տեղեկության համաձայն` «Կովկասի էլեկտրահաղորդման ցանց» նախագծի նպատակն է ապահովել հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում Հարավային Կովկասում՝ սինխրոնացնելով Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը: