Օրբելիանիի պալատում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի միջև։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Միխեիլ Կղավելաշվիլին նշել է, որ չնայած ներկայիս համաշխարհային լարվածությանը, Վրաստանն ու Հայաստանը շարունակում են խորացնել քաղաքական, տնտեսական և միջմարդկային հարաբերությունները։
Նա ընդգծել է 2024 թվականին երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կարևորությունը և նշել, որ 2025 թվականը «հատկապես արդյունավետ է երկկողմ կապերի ամրապնդման առումով»։
Նա խոսել է երկրներին միավորող դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների և վստահության մասին, նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին Վրաստանի տարածքային ամբողջականությանը անսասան աջակցության համար՝ նշելով, որ երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափերով, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Ճեպազրույցի ժամանակ Միխեիլ Կղավելաշվիլին մասնավորապես նշել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի մասին` դա անվանելով «կարևոր քայլ» տարածաշրջանային կայունության համար։ Նրա խոսքով՝ այդ «պատմական համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում Հարավային Կովկասի երկարաժամկետ զարգացման համար»։
Նախագահն ասել է. «Վրաստանը շարունակում է պատրաստ լինել իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում»` հավելելով. «Համագործակցությունը, բարեկամությունն ու գործընկերությունը կշարունակվեն մեր երկրների միջև հաստատված օրինակելի հարաբերությունների ոգով»։
Համատեղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ նախագահը շեշտել է Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության, նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի կարևորությունը։
Խաչատուրյանի խոսքով՝ քննարկվել են նաև տնտեսական, մշակութային, կրթական և երիտասարդական հարցեր։
ՀՀ նախագահը Վրաստան է այցելել պատվիրակության ուղեկցությամբ, որի կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, փոխնախարար Արման Խոժոյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սումբատյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։