Աշխատաշուկայի ուսումնասիրության շնորհանդեսից առաջ Իլիայի պետական համալսարանի ռեկտոր Նինո Դոբորջգինիձեն հայտարարել է, որ ռեկտորների մեծ մասը ներգրավված չի եղել աշխատաշուկայի հետազոտության գործընթացում, և արդյունքներին այսօր առաջին անգամ պետք է ծանոթանա։
Դոբորջգինիձեի գնահատմամբ՝ քվոտաների բաշխման հետ կապված որոշումն Իլիաունիի (Իլիայի համալսարանի) նկատմամբ խտրական է։ Նրա խոսքով՝ համալսարանները դեռևս փետրվարի 12-ից հետո դիմել են կառավարությանը հանդիպման խնդրանքով, սակայն մինչ օրս երկխոսություն տեղի չի ունեցել։
Ռեկտորը նաև կասկածի տակ է դրել բանավեճերում հիշատակված միջազգային վարկանիշների հավաստիությունը։
«Առաջին անգամ ենք լսելու։ Երեկ մեզ տեղեկացրին, որ այսօր լինելու է շնորհանդեսը։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, հենց փետրվարի 12-ին հայտարարվեց քվոտաների այս բաշխման մասին, մենք հաջորդ օրն ևեթ նամակ ուղարկեցինք։ Հենց այդ օրը հավաքվեցին կառավարման խորհուրդները, համալսարանական հանրությունը, և ահա մինչ օրս պահանջում ենք այդ հանդիպումը։
Այս որոշումն իսկապես խտրական է Իլիայի համալսարանի նկատմամբ, քանի որ Իլիայի համալսարանը, ըստ բոլոր խոշոր միջազգային վարկանիշների, Վրաստանում և տարածաշրջանում լավագույն համալսարաններից մեկն է»,- ասել է Նինո Դոբորջգինիձեն։
Շնորհանդեսը, որին ներկա են եղել նախարարությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ղեկավարել է Իրակլի Կոբախիձեն։ «Վրացական երազանք»-ը պնդում է, որ բարձրագույն կրթության բարեփոխումը հիմնված է «աշխատաշուկայի խորքային հետազոտության» վրա, իսկ ռեկտորների մի մասը հայտարարում է, որ հետազոտության մշակմանը չի մասնակցել։