Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել են DAMAC անշարժ գույքի զարգացման խոշորագույն ընկերություններից մեկի հիմնադիր Հուսեյն Սաջվանիին։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի բարձր տնտեսական աճի տեմպերը և Վրաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների խոշոր ներդրումային ընկերությունների հաջող գործունեությունը։ Ընդգծվել են երկրում բարենպաստ բիզնես միջավայրը և ներդրումային հնարավորությունները, այդ թվում՝ հյուրընկալության և անշարժ գույքի ոլորտներում ներդրումների ներուժը, նաև զբոսաշրջության ոլորտի աճի դինամիկան։
DAMAC-ը Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն ընկերություններից է, որի ակտիվները, 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն, գնահատվել են 9 միլիարդ դոլար։ 2023 թվականին ընկերության եկամուտը կազմել է 2.4 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 1.1 միլիարդ դոլար։ DAMAC-ը հիմնադրել է գործարար Հուսեյն Սաջվանին, որի կարողությունը գնահատվում է 10.2 միլիարդ դոլար։ Ընկերությունը 15 երկրներում մշակում է տարբեր նախագծեր անշարժ գույքի և հյուրընկալության ոլորտներում։
Ի դեպ, դեկտեմբերի 12-ին Իրակլի Կոբախիձեն և արդարադատության նախարար Պաատա Սալիան հանդիպել են PRYPCO-ի տնօրեն Ամիրա Սաջվանիին: Հանդիպումից հետո Արդարադատության նախարարության և PRYPCO-ի միջև ստորագրվել է հուշագիր Վրաստանում անշարժ գույքի տոկենիզացիայի փորձնական նախագծի վերաբերյալ: Ամիրա Սաջվանին Հուսեյն Սաջվանիի որդին է: