Կաթողիկոսի հուղարկավորության համար պետական ​​հանձնաժողով է ստեղծվել

Վրաստանի կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության կազմակերպչական հարցերի վերաբերյալ աշխատանքային հանդիպում է անցկացվել։ Հանդիպմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ ու ուժային կառույցների ղեկավարներ։

Հանդիպմանը մասնակցել են «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ՊԱԾ ղեկավար Մամուկա Մդինարաձեն, Պետական պահպանության հատուկ ծառայության պետ Անզոր Չուբինիձեն և նախարարների կաբինետի անդամներ։

Աշխատանքային հանդիպմանը որոշվել է ստեղծել պետական հանձնաժողով, որը կզբաղվի Պատրիարքի հուղարկավորության կազմակերպմամբ։ Իշխանության ներկայացուցիչները նաև անմիջականորեն կներգրավվեն Պատրիարքարանի ստեղծած համապատասխան հանձնաժողովի աշխատանքներում։

Կաթողիկոս-Պատրիարքի մահվան կապակցությամբ Վրաստանում սուգ է հայտարարված։ Կառավարության որոշմամբ՝ սգո օրերը կշարունակվեն մինչև հուղարկավորության օրը ներառյալ։

93 տարեկան հասակում, գահակալության 49-րդ տարում, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազեթիի միտրոպոլիտ Իլիա II-ը վախճանվել է մարտի 17-ի երեկոյան՝ հիվանդանոցում։