Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: «Վրացական երազանք»-ի վարչակազմից հայտնել են, որ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղության և կայուն զարգացման կարևորությանը։
«Նշվել է Վրաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Հանդիպման ընթացքում կենտրոնացել են աշխարհի առջև ծառացած մարտահրավերների վրա։
Միխեիլ Կղավելաշվիլին ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրած խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման վեկտորն անսասան է, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին դրա համար։
«Հանդիպման ժամանակ գլխավոր քարտուղար պարոն Գուտերեշը նշեց, որ մենք դիմակայել ենք մեծ ճնշմանը: Նա շնորհակալություն հայտնեց մեզ խաղաղության, կայունության և զարգացման այդքան ճիշտ ուղի ընտրելու համար: Բոլորը տեսնում են դա, նշում են, և նման գնահատականները շատ հաճելի են», — ասել է Միխեիլ Կղավելաշվիլին։
Հիշեցնենք. վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ երկրներ, այդ թվում` ԵՄ-ն, ԱՄՆ-ն խստորեն դատապարտել են «Վրացական երազանք»-ի ընդունած բռնաճնշողական օրենքները, ժողովրդավարական լուրջ հետընթացը և նշված պատճառներով դադարեցրել են համագործակցությունը Վրաստանի հետ, կոչ են արել չեղարկել մարդու իրավունքները սահմանափակող օրենքները և անցկացնել թափանցիկ ընտրություններ։ Նրանք նաև չեն ընդունում ներկայիս կառավարության լեգիտիմությունը։