Կոբախիձեն արձագանքել է «Վայմարյան եռանկյունու» երկրների հայտարարությանը

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ մայիսի 27-ին, լրատվամիջոցների հետ զրույցում արձագանքել է «Վայմարյան եռանկյունու» երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդների Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ համատեղ հայտարարությանը: «Վայմարյան եռանկյունու» երկրներն աջակցություն են հայտնել վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին և դատապարտել Վրաստանի կառավարության գործողությունները, որոնք հանգեցրել են ժողովրդավարության հետընթացի։

Կոբախիձեի գնահատմամբ՝ երկրի անկախության օրը նմանատիպ բովանդակության հայտարարություն տարածելը «էթիկետի և արարողակարգի» խախտում է: Ըստ Կոբախիձեի՝ «նրանք իրականում չեն գործում օբյեկտիվ շահերին համապատասխան, նույնիսկ իրենց սեփական օբյեկտիվ շահերին, և ստիպված են աշխատել այնպիսի գծով, որը չի համապատասխանում իրենց շահերին», ինչը, ըստ Կոբախիձեի՝ «շատ ցավալի և տխուր է»։

Կոբախիձեի խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը «Վայմարյան եռանկյունու» առաջնորդների համատեղ հայտարարության մեջ հակասում է այն խոսքին, ինչ նա արտահայտել էր Ալբանիայում կայացած հանդիպման ժամանակ։

«Ինչ վերաբերում է Մակրոնին, ապա այն, ինչ նա ինձ ասաց Ալբանիայում, էապես հակասում է տարածված հայտարարությանը։ Մարդիկ չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, դա շատ լուրջ ազդեցություն ունի Եվրոպայի, եվրոպական երկրների վրա, հետևաբար՝ այս ամենը առաջացնում է այն շփոթմունքը, որը մենք բոլորս տեսնում ենք», — ասել է Կոբախիձեն լրատվամիջոցների հետ զրույցում՝ Սփյուռքի օրվան նվիրված միջոցառման ավարտից հետո։

Հարցին, թե ինչը կարող էր ազդել Մակրոնի դիրքորոշման փոփոխության վրա, Կոբախիձեն պատասխանել է. «Deep State»:

Ավելի վաղ, երեկ՝ մայիսի 26-ին, վիճարկվող խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին իր Facenook-յան էջում «Վայմարյան եռանկյունու» անդամ երկրների ղեկավարների հայտարարությունը անվանել էր «ամոթալի»։

Վրաստանի կառավարության գործողությունների քննադատական ​​գնահատականներից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համատեղ հայտարարության մեջ թվարկում են այն քայլերը, որոնք, իրենց կարծիքով, պետք է ձեռնարկի Վրաստանի կառավարությունը:

«Խոսքի և հավաքների ազատությունը պետք է պաշտպանված լինի։ Ուժի չափազանց կիրառման դեպքերը պետք է հետաքննվեն։ Եվրոպական չափանիշներին հակասող օրենքները պետք է փոխվեն, և անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը պետք է վերսկսվի։ Վրաստանի իշխանությունները պետք է վերականգնեն երկխոսությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ», — նշել են նրանք:

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հայտարարությունն ավարտվում է հետևյալ կերպ. «Վրաստանի ժողովուրդը չպետք է զրկվի երկրի եվրոպական ուղու տրված հնարավորություններից»։

«Վայմարյան եռանկյան» երկրների առաջնորդները թե՛ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո բազմիցս մտահոգություն են հայտնել «Վրացական երազանք»-ի կառավարության «Եվրամիության և դրա անդամ պետությունների նկատմամբ ագրեսիվ հռետորաբանության» վերաբերյալ և կոչ են արել նրան «փոխել իր գործողությունների ընթացքը», վերադառնալ եվրոպական ուղի և վերսկսել բարեփոխումները։