Կոբախիձեն չեղարկել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումը

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Վրաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը։

«Երեկ, ապօրինի հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարություններ անելու պատճառով, վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը», — ասված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

Էլինա Վալտոնենը Վրաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին։
Հոկտեմբերի 14-ին նա հանդիպել է «Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։

Հանդիպումից հետո նա միացել է խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին և այնտեղ կարճ տեսաուղերձ է ձայնագրել, որը հրապարակել է X հարթակում։

Ուղերձում Էլինա Վալտոնենը նշել է, որ խորհրդարանի շենքի դիմաց հավաքված են երկրի ընթացքով մտահոգված քաղաքացիներ.

«Ես Թբիլիսիում եմ, խորհրդարանի շենքի դիմաց։ Այստեղ տեղի է ունենում խաղաղ ցույց։ Շատ մարդիկ են գալիս՝ ծածանելով Եվրամիության, ՆԱՏՕ-ի և, ակնհայտորեն, նաև Ֆինլանդիայի դրոշները, բայց ամենակարևորը՝ Վրաստանի դրոշը։ Դրա պատճառն այն է, որ այս մարդիկ մտահոգված են այն ընթացքով, որը որդեգրել է այս երկիրը՝ խլելով մարդկանց հիմնարար ազատությունները, սկսած խոսքի և հավաքների ազատությունից։ Ավելորդ է ասել, որ այս մարդիկ արժանի են բոլոր այս իրավունքներին, և մենք այստեղ ենք նրանց աջակցելու համար»։

Հիշեցնենք. արդեն ավելի քան 320 օր է, ինչ Վրաստանում ընթանում են եվրոպամետ ակցիաներ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման և ցույցերի ժամանակ ձերբակալված մարդկանց ազատ արձակման պահանջով։ Քաղաքացիները հավաքվում են անցյալ տարվա նոյեմբերի 28-ից, երբ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասաց, որ հաջորդ չորս տարիների ընթացքում այլևս չեն քննարկի եվրաինտեգրման համար անհրաժեշտ բանակցությունների հարցը։