ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում (OSCE PA) ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Լատվիայի և Լիտվայի պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Պորտուգալիայի վարչապետին չտրամադրել վիզաներ կամ այլ կերպ թույլ չտալ «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչներին մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 32-րդ տարեկան նստաշրջանին, որը տեղի կունենա Պորտուգալիայում հունիսի 29-ից հուլիսի 3-ը։
Հելսինկյան հանձնաժողովը նամակը տարածել է սոցիալական ցանցերում։ Ստորագրողները կարծում են, որ «Վրացական երազանք»-ի կառավարության անդամներին այդ հեղինակավոր նիստին մասնակցելու արտոնություն տրամադրելը լեգիտիմացնելու է նրանց բռնաճնշողական կառավարումը:
««Վրացական երազանք»-ի կառավարությունը համակարգված կերպով խաթարում է ժողովրդավարությունը Վրաստանում՝ մասնակցելով լայնածավալ ընտրակեղծիքների, բռնությամբ ճնշելով խաղաղ բողոքի ցույցերը և բանտարկելով լրագրողներին ու քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, որոնք համարձակվում են բարձրաձայնել իրենց ավտորիտար կառավարման դեմ։ Նրանց գործողությունները հակասում են այն ժողովրդավարական արժեքներին, որոնք Պորտուգալիան և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ձգտում են պահպանել և պաշտպանել», — ասված է 25-ից ավելի պատգամավորների ստորագրությամբ նամակում։
Լրատվամիջոցների հետ զրույցում, մեկնաբանելով Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնի համահեղինակած նամակը, «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ դա «ուղղակիորեն խորհրդային ժամանակների մոտեցում է»։
Հունվարին Եվրոպական Միության Խորհուրդը որոշեց մասնակիորեն կասեցնել ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Վրացի դիվանագետներն ու պաշտոնյաները այլևս չեն օգտվում դիմումների ներկայացման կրճատված վերջնաժամկետից, վիզայի վճարների նվազեցումից և ԵՄ անդամ պետություններ ճանապարհորդելիս ավելի քիչ օժանդակ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունից։
Որոշումը պատասխան է ժողովրդավարական նահանջին և ճնշումներին, նաև «գործակալների» և, այսպես կոչված՝ ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքների ընդունմանը։
Վրաստանում վիզային պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների և որոշ կուսակցական ներկայացուցիչների նկատմամբ՝ սկզբում Լիտվան, ապա Էստոնիան ու Լատվիան, նաև Գերմանիան։ Պատժամիջոցներ են սահմանել նաև ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։