Կոպենհագենում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի նաև Վրաստանը

Այսօր Կոպենհագենում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Վրաստանը, – հայտնել է Եվրոպական խորհուրդը։

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) յոթերորդ հանդիպմանը կմասնակցեն ԵՄ-ի 27 անդամ պետությունները և հետևյալ երկրները` Ալբանիա, Անդորրա, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Ֆարերյան կղզիներ, Վրաստան, Գրենլանդիա, Իսլանդիա, Կոսովո, Լիխտենշտեյն, Մոլդովա, Մոնակո, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Սան Մարինո, Սերբիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա և Միացյալ Թագավորություն։

Հանդիպմանը ԵՄ-ին կներկայացնի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, որը գագաթնաժողովը կվարի Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ միասին։

Գագաթնաժողովի շրջանակում առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի պաշտպանության ուժեղացման և Եվրոպայի անվտանգության հարցերը, այդ թվում՝ ավանդական և հիբրիդային սպառնալիքները, տնտեսական անվտանգությունն ու միգրացիան։

Հիշեցնենք, որ կայանալիք հանդիպմանը կմասնակցի Վրաստանի վարչապետ  Իրակլի Կոբախիձեն։