Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ թուրքական ռազմական ինքնաթիռում գտնվող 20 զոհերի մարմինները հայտնաբերվել են։ 19 մարմին երեկ տեղափոխվել է դիահերձարան, իսկ քսաներորդ զոհի մարմինը հայտնաբերվել է ժամեր առաջ։
«Հետաքննության համար կարևոր բոլոր տեխնիկական միջոցներն ու ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են, քննությունը շարունակվում է։ Հետաքննությանը և փրկարարական գործողություններին մասնակցել է ավելի քան հազար մարդ՝ ինչպես վրացական, այնպես էլ թուրքական կողմերի ներկայացուցիչներ», — ասված է Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք. նոյեմբերի 11-ին թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ վրաց-ադրբեջանական սահմանի մոտավորապես 5 կիլոմետր տարածքի մերձակայքում։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 20 մարդ։