Կրեմլում ՌԴ-Վրաստան հարաբերությունների ակտիվացման միտում են տեսնում

Ռուս-վրացական հարաբերությունները ամրապնդման նշաններ են ցույց տալիս, վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

Նրա խոսքով, վերջին տարիներին Վրաստանի քաղաքական վերնախավը և քաղաքական ղեկավարությունը «զգալիորեն աճել են»։

«Վրաստանը պատասխանատու մոտեցում է ցուցաբերում։ Նա այլևս չի ցանկանում պայքարել այլ մարդկանց շահերի համար։ Ռուսական հասարակությունը ողջունում է դա։ Զբոսաշրջությունն աստիճանաբար աճում է, այդ թվում՝ վրացի զբոսաշրջիկների այցելությունները», —  ասել է Կարասինը։

Կարասինի կարծիքով` Մոսկվան և Թբիլիսին կարող են էլ ավելի ակտիվացնել օդային ուղիղ հաղորդակցությունը. «Այս գործընթացն ընթանում է, բայց դա արագացնելու կարիք կա»։

Ռուս քաղաքական գործչի խոսքով, «իդեալական կլիներ, եթե դիվանագիտական ​​հարաբերությունների լիարժեք վերականգնման հարցը լուծվեր հիմա»։

Նրա խոսքով, «Թբիլիսին ու Մոսկվան լավ են հասկանում միմյանց»։

«Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո Կարասինը բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ։ Աբաշիձեին այս պաշտոնում նախորդ տարի փոխարինել է Գիորգի Քաջաիան։ Այդ ժամանակվանից ի վեր Վրաստանի կառավարությունը ոչ մի տեղեկություն չի հրապարակել ռուսական կողմի հետ որևէ շփման մասին։

Թբիլիսին բազմիցս հերքել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հնարավոր վերականգնման մասին լուրերը վրացական երկու շրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացիայի ֆոնին։

Փորձագետները, սակայն, «Վրացական երազանք»-ի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ են տեսնում. ասում են` իշխող ուժը բացեիբաց Արևմուտքից դեպի ռուսական բռնապետության ուղեծիր է վերադառնում։

ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը (DIA), որը գտնվում է Պենտագոնի ենթակայության տակ և ԱՄՆ հիմնական հետախուզական գործակալություններից մեկն է, իր 2025 թվականի զեկույցում հիշատակել է նաև Վրաստանը։

Զեկույցում նշված է` «Վրացական երազանք»-ի ստեղծած միջավայրը մեծացնում է ռուսական ազդեցությունը։

«Վրացական երազանք»-ի ստեղծած միջավայրը մեծացնում է ռուսական ազդեցությունը. DIA