«Լելո – Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից մեկը՝ Սալոմե Սամադաշվիլին, արձագանքել է իշխանամետ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, ըստ որի` ՏԻՄ ընտրություններին ներկայացված կուսակցության թեկնածուներն ընտրության օրը լքել են «Լելո»-ն։ Սամադաշվիլին սա կապում է ՊԱԾ-ի և անձամբ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
«Մի քանի ժամ առաջ միաժամանակ սկսվեց մի քանի թեկնածուի նույնանման տեքստի տարածումը, որով Բիձինա Իվանիշվիլիի ՊԱԾ-ը փորձում է մեր քաղաքական միավորմանը մեղադրել իշխանությունը բռնի ճանապարհով փոխելու մտադրության համար։ Ուզում եմ տեղեկացնել, որ սա ոչ միայն անհեթեթություն է, այլև ուզում եմ դիմել անձամբ Բիձինա Իվանիշվիլիին, Իրակլի Կոբախիձեին և ՊԱԾ-ին։
Այսօր, երբ արդեն միջազգային մեկուսացման մեջ եք հայտնվել, երբ չունեք լեգիտիմություն ոչ երկրի ներսում և ոչ էլ դրսում, ես ձեզ խորհուրդ կտամ, որ սեփական ես-ը ծաղրի առարկա չդարձնեք այս կեղծ մեղադրանքներով, որովհետև դա բոլորին է շատ տեսանելի։
«Լելո»-ն բազմիցս հայտարարել է, որ այս երկրում իշխանությունն անպայման կփոխվի, բայց կփոխվի հենց ընտրությունների միջոցով», – ասել է Սալոմե Սամադաշվիլին։
Իշխանամետ «Իմեդի»-ի և «Ռուսթավի 2»-ի հաղորդումները, ըստ «Լելո»-ի թեկնածուների, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ տեքստըը Facebook-ի միջոցով են տարածել, որոնք կեղծ ու պասիվ էջերի տպավորություն են թողնում։
«Նեթգազեթի»-ն այդ թեմայով հրապարակման մեջ նշել է, որ դրա մասին խոսել է Քարելիի կուսակցության մեծամասնական թեկնածուներից Չիորա Գիգաուրիի հետ։
«Ռուսթավի 2»-ում հեռարձակված ռեպորտաժն իրականությանը չի համապատասխանում։ Ես նրանց ոչ հարցազրույց եմ տվել, ոչ էլ լուսանկար եմ փոխանցել։ Տեքստը ես չեմ գրել», – ասում է Չիորա Գիգաուրին։
Հիշեցնենք, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, բողոքի ցույց է ընթանում Ռուսթավելիի պողոտայում։ Նրանց են միացել ուսանողները և հատուկ ցույցին մասնակցելու համար արտերկրից ժամանածները։
Հիշեցնենք. այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։