Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան դատապարտել է հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների վրա հարձակումները և նրանց մասնագիտական սարքավորումների առգրավումը։
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան կոչ է արել դատախազությանը անհապաղ հետաքննել միջադեպերը։
«Հոկտեմբերի 4-ին, նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ոստիկանական ուժերն օգտագործել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ։ Լրագրողները վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։
Կորել և վնասվել են մասնագիտական սարքավորումներ։
Խարտիային հայտնի է, որ դատախազությունն արդեն իսկ հետաքննություն է սկսել հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայի ժամանակ Հանրային հեռարձակողի և «Իմեդի»-ի լրագրողների մասնագիտական գործունեությանը միջամտելու փաստերի վերաբերյալ։
Խարտիան կոչ է անում դատախազությանը անհապաղ սկսել լրագրողների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնության ու դրոնների առևանգման փաստերի հետաքննությունը և լրատվամիջոցներին վերադարձնել իրենց սարքերը», — ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում. ցույցի ժամանակ բախումներ տեղի ունեցան, ակցիայի մասնակիցներին ցրեցին՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվեցին ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև հայտնի դարձավ, որ բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։