Մամուկա Չելեբաձեն նշանակվել է Բաթումիի ոստիկանապետ։
Այս տեղեկությունը «Բաթումելեբի» լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։
Նոր ոստիկանապետը, ըստ տեղեկության, իր պարտականությունները սկսել է կատարել մի քանի օր առաջ։
Մինչ Բաթումիի ոստիկանապետի պաշտոնում նշանակվելը, Մամուկա Չելեբաձեն Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Իսանի-Սամգորիի գլխավոր բաժնի դետեկտիվների (օպերատիվ) բաժնի պետն էր։
Բաթումիի ոստիկանապետի պաշտոնը թափուր էր մնացել ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի Թբիլիսի տեղափոխվելուց հետո։
Իրակլի Դգեբուաձեն այն ոստիկանապետն է, որն անմիջական առնչություն ունի լրագրող Մզիա Ամաղլոբելիի դատական գործի հետ։
Հիշեցնենք, Մզիա Ամաղլոբելիի քրգործը և դրան Իրակլի Դգեբուաձեի առնչությունը դարձել է լայն քննարկման թեմա Վրաստանում և ամբողջ աշխարհում: Իրակլի Դգեբուաձեին ապտակ հասցնելու համար երկու տարով ազատազրկված Մզիա Ամաղլոբելին հայտարարել էր, որ Բաթումիի ոստիկանության արդեն նախկին ղեկավարն իր ձերբակալության ժամանակ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ՝ թքել է դեմքին, արգելել է ջուր խմել և օգտվել զուգարանից, սակայն այս մեղադրանքներով քննություն չի սկսվել։ Ընդհակառակը, տուժող է ճանաչվել հենց Դգեբուաձեն, քանի որ Ամաղլոբելին նրան ապտակել էր․ Դգեբուաձեի խոսքով՝ ապտակն իրեն ցավ է պատճառել, և կարմրել են նրա այտն ու ականջը։ Սրա հիման վրա էլ վերջերս Մզիա Ամաղլոբելիին դատապարտեցին երկու տարի ազատազրկման։