Մամուկա Մդինարաձեն հերքել է Ռիժվաձեի հետ հանդիպման լուրը

«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտնել է, որ ինքն իսկապես գտնվում էր Թուրքիայում, բայց արձակուրդն անցկացնելու նպատակով, այլ ոչ թե, ինչպես հաղորդել էին ընդդիմադիր լրատվամիջոցները, Աջարիայի կառավարության նախկին ղեկավար Թորնիկե Ռիժվաձեի հետ «բանակցելու» համար։

Հուլիսի 31-ին լրագրողների հարցին, թե արդյո՞ք նա իսկապես գտնվում էր Թուրքիայում Թորնիկե Ռիժվաձեին տեսնելու և նրա հետ բանակցելու համար, Մամուկա Մդինարաձեն պատասխանել է.

«Ոչ։ Սա գործակալի հորինած սուտ է։ Ես հինգ օր արձակուրդում էի ընտանիքիս հետ Թուրքիայում»։

Միացյալ ազգային շարժման առաջնորդներից մեկը՝ Լևան Խաբեիշվիլին, հղում անելով անանուն աղբյուրների, մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 24-ին, հայտարարել էր, որ Մդինարաձեն գտնվում է Թուրքիայում՝ «հավանաբար Ռիժվաձեի հետ հարցեր լուծելու համար»։