Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեի գործով նախնական դատական նիստը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար, ինչը նախատեսում է մինչև 1 տարի ազատազրկում։
Խազարաձեի գործը տեղափոխվել է բովանդակային վերանայման փուլ։
Նախկինում, որպես խափանման միջոց, դատարանը Խազարաձեի համար սահմանել էր 50 հազար լարի գրավ, որը նա վճարել էր սահմանված ժամկետում։
Նիստի սկսվելուց առաջ Մամուկա Խազարաձեն լրատվամիջոցներին ասել է, որ կառավարությունն օգտագործում է հետաքննչական հանձնաժողովը՝ ընդդիմության առաջնորդներին հետապնդելու համար։
Լսումները տևել են ավելի քան 6 ժամ, և կողմերը քննարկել են ապացույցների ընդունելիության հարցը։ Դատավոր Լևան Գելովանին ընդունել է պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները, մերժել է Մամուկա Խազարաձեի փաստաբան Լևան Սամուշիայի մի քանի միջնորդություններ։
Սկզբում պաշտպանության կողմը միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը, որը չի բավարարվել։ Դրանից հետո փաստաբանը միջնորդել է, որ գործի շրջանակներում հարցաքննվեն ընդդիմության գործունեությունը հետաքննող քննչական հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանին և հանձնաժողովի մյուս անդամները, ինչը դատավորը նույնպես մերժել է։ Վերոնշյալ որոշումից հետո պաշտպանության կողմը միջնորդել է դատավորի ինքնաբացարկը։ Այս միջնորդությունը նույնպես չի բավարարվել, և որոշակի բողոք է հարուցել նիստերի դահլիճում։